«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորների պահման պայմաններն են: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը արտահերթ հրապարակային զեկույց է ներկայացրել՝ Աբովյան ՔԿՀ-ում պահվող 66 կանանց, անչափահասների և օտարերկրացիների իրավունքների ապահովման վերաբերյալ:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - 40-ը կալանավորված անձ են եղել, 26-ը՝ դատապարտված անձինք: 66 անձանցից 4-ը անչափահասներ են՝ արական սեռի անչափահաս անձինք, և 1 անձ, որի չափահասության տարիքը վրա է հասել ազատության զրկման վայրում: Պետք է նշել, որ անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները որևէ ձևով չեն տարբերվել չափահասների պահման պայմաններից:
Վրաստանի, Ռուսաստանի, Պերուի, Ղազախստանի, Իրանի և Գվատեմալայի 6 կին քաղաքացի կա «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, նրանց հիմնական խնդիրը լեզվական պատնեշն է: Բոլոր քրեակատարողական հիմնարկներում անձանց բժշկական սպասարկման, խնամքի պայմանները մտահոգիչ են՝ հայտարարեց պաշտպանը՝ ներկայացնելով նաև հայտնաբերված ժամկետանց դեղի լուսանկար:
Քրիստիննե Գրիգորյան - Բժշկական անձնակազմը բավարար թվով չէ, բացի էն, որ հաստիքներն են թափուր, նաև կոնկրետ մասնագիտացումներն են պակասում: Օրինակ՝ մեր մշտադիտարկման այցի ընթացքում «Աբովյանի» բժշկական անձնակազմում չի եղել ընդհանուր պրոֆիլի բժիշկ, թերապևտ կամ ընտանեկան բժիշկ, ինչի պատճառով այլ մասնագետների կողմից է իրականացվել խնամքը: Մյուս խնդրահարույց և անընդունելի պրակտիկան, երբ ազատությունից զրկված անձանց դեղորայքային բուժումն իրականացվում է բուժքրոջ կողմից՝ առանց բժշկի համապատասխան ցուցման:
Խնդիր է նաև սննդի ապահովումը: Մասնավոր ընկերությունը, ըստ Պաշտպանի՝ պատրաստի սնունդ է տանում հիմնարկ:
Քրիստիննե Գրիգորյան - Էս առումով մտահոգիչ էր այն, որ երբ պատրաստի սնունդը հասնում է ՔԿՀ, որևէ վերահսկողություն չի իրականացվում, թե՛ դրանց սննդի էներգետիկ արժեքի, թե՛ անվտանգության տեսանկյունից: Անձինք նաև առանձնազրույցների ընթացքում նշել են, որ սնունդը համեղ չէ:
Պաշտպանի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք շաբաթական ընդամենը 1 անգամ լոգանք ընդունելու հնարավորություն են ունենում: Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է շաբաթական առնվազն 2 անգամ պարբերականություն սահմանել:
Քրիստիննե Գրիգորյան - Չկան երեխաներին լոգանքի ապահովման խցերում պայմաններ, ապահովվել է էս ընդհանուր կարգով, ինչը ևս խնդրահարույց է, բայց կտեսնեք այնտեղ, օրինակ՝ էդ վնասված տաշտակն է, որը որ սուր ծայրերով խնդիր է երեխաների համար: Գործնականում կանայք իրենց փոքրիկ թեյնիկներով փորձում են ապահովել երեխայի լվացման կամ լոգանքի հնարավոր պայմանները:
Գրիգորյանը արձանագրել է՝ Աբովյան ՔԿՀ-ում բացակայում են մարմնամարզության կամ զբաղմունքի հնարավոր ենթակառուցվածքները:
Պաշտպանը նշեց, որ հիմնարկի անձնակազմի աշխատանքային պայմանները ևս անմխիթար են: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ արձանագրված խնդիրների վերաբերյալ 66 կոնկրետ առաջարկություն է ներկայացվել իրավասու կառույցներին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան