Երևանի Թամանյան փողոցի 3-րդ շենքն է, որի 1-ին հարկում մինչև 2008 թվականը գործել է թիվ 140 մանկապարտեզը: Այն, ըստ դատախազության, Գագիկ Բեգլարյանի հանցավոր գործունեության հետևանքով հափշտակվել է, որի պատճառով դադարեցվել է նախադպրոցական հաստատության գործունեությունը։
Ի դեպ, ըստ դատախազության, սա Գագիկ Բեգլարյանի կողմից յուրացված միակ մանկապարտեզը չէ:
6.5 տարի Կենտրոն համայնքը, 3 տարի Երևանը ղեկավարած Բեգլարյանին նոյեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա յուրացմամբ հափշտակել է Երևանում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույք, ապա հանցավոր ճանապարհով օրինականացրել դրանք՝ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները:
Արամ Արամյան (ԱԱԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ) - Հանցագործության առարկա հանդիսացող անշարժ գույքերի նկատմամբ ներկայումս սահմանված է արգելանք դրանց հնարավոր օտարումը կանխելու համար:
Հանցավոր սխեմայի թիրախում հայտնված նախադպրոցական հաստատություններից մեկը թիվ 140 մանկապարտեզն է, որն, ըստ մեղադրանքի, Բեգլարյանը միավորել է այլ մանկապարտեզի հետ՝ պատճառաբանելով, թե այն չի համապատասխանում սանիտարական նորմերին, և նվազել է հաճախելիությունը: Արդեն 2009-ին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Բեգլարյանը որոշում է կայացրել փոխել մանկապարտեզի ավելի քան 250 քառակուսի մետր մակերեսով տարածքի նշանակությունը, ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, Կասկադում գտնվող 250 քառակուսի մետր համայնքային անշարժ գույքը տրվել է վարձով՝ 211.500 դրամով: 2010 թվականին, կրկին Բեգլարյանի օրոք, այդ տարածքը շուկայականից անհամեմատ ցածր գնով՝ մոտ 25 մլն դրամով, վաճառվել է: 2011-ին գույքը գրանցվել է Բեգլարյանի հոր անունով, այնուհետև որպես ժառանգություն անցել Գագիկ Բեգլարյանին, ապա՝ նրա որդուն:
Ըստ դատախազության, նմանատիպ սխեմայով Գագիկ Բեգլարյանը յուրացրել է մայրաքաղաքի 3 մանկապարտեզ:
Արամ Արամյան - Քրեական հետապնդման մարմինը միջոցներ է ձեռնարկում առերևույթ հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձանց ինքնությունները պարզելու, նոր հանցավոր դրվագներ ի հայտ բերելու և համապատասխան անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:
Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Բեգլարյանը Երևանում ու այլ բնակավայրերում գտնվող շուրջ 27 անշարժ գույք է յուրացրել, որոնցից միայն 4-ը՝ Մաշտոցի պողոտայում: Դրանք, դատախազության փոխանցմամբ, օրենսդրության խախտումներով դուրս են եկել համայնքային հաշվեկշռից և մասնավորեցվել:
Արամ Արամյան - Հափշտակության առարկա հանդիսացող անշարժ գույքերը ներառված են եղել համայնքային ֆոնդերում և դրանք հանցավոր ներգործության արդյունքում ըստ էության որոշ մասը նվիրատվությունների արդյունքում, որոշ մասը անհամաչափ փոխհատուցման արդյունքում փոխանցվել են պաշտոնատար անձի կողմից մատնանշած անձանց, որոնց գերակշիռ հատվածն արդեն տարաբնույթ ձևական գործարքների, այլ անձանց ներգրավման արդյունքում, ըստ էության, անցել է իր տիրապետության տակ:
Նշված գույքերի շուկայական արժեքն, ըստ փորձագետի, գնահատվում է շուրջ 2 միլիարդ 350 միլիոն դրամ:
Արամ Արամյան - Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակներում, բնականաբար, միջոցներ է ձեռնարկելու սույն քրեական վարույթի շրջանակներում բացահայտված՝ պետության և համայնքի խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնման ուղղությամբ:
«Լուրերը» փորձեց մեղադրանքների վերաբերյալ դիրքորոշում ճշտել Գագիկ Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանից, նա միայն ասաց՝ մեղադրանքը չեն ընդունում:
Նախկին պաշտոնյայի նկատմամբ նախաքննական մարմինը որպես խափանման միջոց է ընտրել գրավը: Ի դեպ, Երևանի քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախարար, պատգամավոր աշխատած Բեգլարյանը անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով:
Ըստ հայցի, որը դատարանը վարույթ է ընդունել, պահանջվում է Բեգլարյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել մոտ 17 մլրդ դրամի ապօրինի ծագման գույք:
Գործի նյութերի համաձայն՝ Գագիկ Բեգլարյանն ունի ենթադրաբար ապօրինի ծագմամբ 33 անշարժ գույք:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան