ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը անդրադարձավ պաշտպանության ոլորտին ուղղվող միջոցներին և բանակի բարեփոխման գործընթացին:
«2023 թվականի հարկային եկամուտների մասը պլանավորում ենք 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով: 4.5 տարի անց, անցած լինելով պատերազմի և քովիդի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով:
Ընդ որում՝ պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 միլիարդ դրամ, աճը 2018 թվականի նկատմամբ՝ 113 տոկոս, 2022 թվականի նկատմամբ՝ 47 տոկոս»,- ասաց ՀՀ վարչապետը:
Վարչապետն ընդգծեց, որ մեկնարկում է կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը:
«Սրանով մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի: Այս համատեքստում պիտի ընդգծեմ այն բարեփոխումների հատուկ կարևորությունը, որ մենք իրականացնում ենք ռազմական կրթության ոլորտում՝ ընդգծելով, որ այն մեր երիտասարդները, ովքեր կընտրեն ռազմական մասնագիտությունը և ավարտելով ռազմաուսումնական հաստատությունը՝ կստանան նշանակում, այդ պահին նրանք կստանան բնակարան, որը կլինի նրանց սեփականությունը և որն ամբողջությամբ օտարելու իրավունք կստանան ծառայության պայմանագրային ժամկետն ավարտելուց հետո:
Բանակի բարեփոխման գործընթացը սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու»,- ասաց Փաշինյանը: