Երկրի գլխավոր ֆինանսիստը նշում է՝ թեև անցնող տարում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, ապրանքների ու ծառայությունների գներն աճում են ամբողջ աշխարհում, և այդ պայմանները բացասաբար են ազդել Հայաստանի միջավայրի վրա ու բարձրացրել մակրոտնտեսական ռիսկերը, բայց արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Չնայած թվարկված անորոշություններին՝ կարող ենք փաստել, որ այս տարվա տնտեսական ակտիվությունը գերազանցել է տարեսկզբից ի վեր քննարկված բոլոր սպասումները: 2022 թվականի 9 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14.1%-ով, ինչի արդյունքում պետական բյուջեի սկզբնապես սահմանված պետական եկամուտների պլանը գերակատարվում է:
Այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15-20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը՝ գտնվելով համախառն ներքին արդյունքի 13-14% իրական աճի սահմաններում: Արդյունքում՝ 2022 թվականի համախառն ներքին արդյունքը դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք սահմանը, իսկ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը՝ 6500 ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով մոտ 1800 դոլարին համարժեք աճ:
2023 թվականի համար գործադիրը թիրախավորել է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7% իրական աճ՝ նշում է նախարարը, հավելում՝ դրական զարգացումներին զուգահեռ, կլինեն նաև դժվարություններ:
Տիգրան Խաչատրյան - Դժվարին մարտահրավեր է այն, որ այսպիսի բարձր տնտեսական աճը պետք է ձեռք բերվի զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում: Ինչպես գիտեք՝ այս տարվա գնաճի տեմպերը շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 9 տոկոսի սահմաններում: Տրամաբանական է, որ 2023 թվականի ընթացքում ԿԲ-ն պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4% չափին:
Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էլ արձանագրում է՝ Հայաստանի շուրջ 9.5 տոկոս գնաճը շատ ավելի ցածր է ԵԱՏՄ-ի, Եվրոպական միության և հարևան երկրների ցուցանիշներից:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Թուրքիայում՝ 85.5 տոկոս, Իրանում՝ 52.2 տոկոս, Ադրբեջանում՝ 13.6 տոկոս, Վրաստան՝ 10.6 տոկոս:
2022-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՎԱՐՏԵԼ ՀԱՐԿԵՐ/ՀՆԱ 23,2 ՏՈԿՈՍՈՎ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
2023 թվականի պետական բյուջեն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ձևակերպմամբ՝ հիմնված է 4 առաջնահերթությունների վրա՝ անվտանգային համակարգ, ենթակառուցվածքներ, սոցիալական աջակցության համակարգ, կրթության և գիտության արդիականացում: Խոսելով տնտեսական ցուցանիշների մասին՝ փոխվարչապետը նշեց՝ տարվա ընթացքում գրանցվել է հարկային եկամուտների հավաքագրման կայուն աճ:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - 2022 թվականը նախատեսում ենք ավարտել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 23.2 տոկոս ցուցանիշով, 23 թվականի ցուցանիշը պլանավորում ենք բարձրացնել 0.5 տոկոսային կետով:
ԴԱՇԻՆՔԻ ՀԱՄԱՐ 2023-Ի ԲՅՈՒՋԵՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկման եզրափակիչ հատվածում «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ներկայացրեց բյուջեի նախագծի վերաբերյալ ընդդիմության ունեցած անհամաձայնությունները, որոնք վերաբերում էին գնաճին, անվտանգային և սոցիալական խնդիրներին:
Արթուր Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Դաշինքի համար 2023 թվականի բյուջեն իրատեսական չի դիտվում և, ըստ այդմ, անընդունելի է:
ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԱՌՆՎԱԶՆ 4 ՕՐՈՎ
Ազգային ժողովը 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը հետաձգեց առնվազն 4 օրով:
Գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ պատգամավորներն իրենց առաջարկները կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում: Խորհրդարանի նիստում պատգամավորները ողջունեցին նաև Ֆրանսիայի Սենատի իրենց գործընկերների ընդունած հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձևը, որով Սենատը պահանջել է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և վերահաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը:
Նորայր Շողիկյան