2023 թվականի ընթացքում ուժի մեջ կմտնի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման օրենսդրական պահանջը: Այս մասին ԱԺ-ում բյուջեի մասին նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ առաջին անգամ հայտարարագրերը կներկայացվեն 2024 թվականի գարնանը:
«Հայտարարագրումը հաշվետվողականության և թափանցիկության մշակույթի ձևավորման կարևոր հիմք է: Այս միջոցառումն ունի հատկապես մեծ կարևորություն երկարաժամկետ հատվածում վարքագծային փոփոխությունների առումով»,- ասաց Խաչատրյանը:
Նախատեսվում է, որ հարկային մարմինները կնախապատրաստեն և իրենց հայտնի տեղեկություններով լրացված հարկային հայտարարագրերը կներկայացնեն քաղաքացիների հաստատմանը:
«Եթե լինեն այնպիսի դեպքեր, որ քաղաքացիները ստացած կլինեն եկամուտներ, որոնք ներառված չեն լինի հայտարարագրերում՝ հարկային տեղեկատվական բազաներում առկա չլինելու պատճառով, վերջիններս դրանց վերաբերող տեղեկություններով կճշտվեն, կհաստատվեն, կվերադարձվեն հարկային մարմիններին»,- ասաց Խաչատրյանը: