Պարտադիր և այլ վճարները անկանխիկ եղանակով հավաքագրելու համար բանկային հաշիվ չբացած բնակելի շենքերի լիազոր մարմինները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Տանյա Արզումանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և ենթակառուցվածքների վարչության պետ) - Սեփականատերերը պնդում են, որ մարմինները իրենց գործառույթը լավ չեն անում, իրենց գումարները անարդյունավետ են ծախսում: Իսկ կառավարման մարմինները պնդում են, որ սեփականատերերը բավարար չափով վճարում չեն անում, և որևէ ապացուցելի հիմք դրա համար չկա:
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը վստահ է՝ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու դեպքում համակարգը ավելի թափանցիկ կդառնա, ինչն էլ թույլ կտա ավելի լավ կառավարել վճարումներից գոյացած գումարները: Վճարումները կատարվելու են յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով:
Տանյա Արզումանյան - Օրինակ՝ 10 շենքի գումարները ծախսվել են մեկ շենքի վրա, այստեղ սահմանադրականության խնդիր կա, սեփականատերը պարտավոր է կատարել իր գույքի պահպանման ծախսեր, և ստացվում է՝ իր գումարը ծախսվում է մեկ այլ գույքի վրա:
Օրենքը ուժի մեջ է մտել դեռևս 2020 թվականի դեկտեմբերին: Համատիրություններին 1 ամիս ժամանակ էր տրվել իրազեկման համար, իսկ 2021 թվականի հունվարից կանխիկ վճարումներն արգելվել էին։ Սակայն վիճակագրությունը ցույց տվեց, որ ոչ բոլորն են բացել բանկային հաշիվ:
Տանյա Արզումանյան - 21-ի վերջին պարզ դարձավ, որ օրենքի պահանջը չեն կատարել, 22 տոկոսը ընդհանրապես հաշիվ չի բացել:
Օրենքի կիրառումն առաջացրել է շենքերի կառավարման լիազոր մարմինների, մասնավորապես, համատիրությունների դժգոհությունը՝ ասում է Տանյա Արզումանյանը: Ըստ լիազոր կառավարիչների կամ համատիրությունների աշխատակիցների՝ դա լրացուցիչ վարչարարություն է ստեղծում, ժամանակատար է, նաև տարեցները դժվարանում են անկանխիկ եղանակով վճարումներ անել: «Տարոն» համատիրության ներկայացուցչի խոսքով՝ արդյունքում նվազել են հավաքագրման գումարները՝ գրեթե 100 տոկոսից նվազելով մոտ 70 տոկոսի:
Լիլիա Ազատյան («Տարոն» համատիրության ներկայացուցիչ) - Բնակիչների մեծամասնությունը ի վիճակի չէ բանկ հասնել, մենք օգնում ենք, բայց մեր գործը շատանում է:
«Տարոն» համատիրությունը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի խոշոր համատիրություններից է՝ 28 շենքով: Իսկ մեկ այլ՝ Տիչինայի 34 շենքում օրենքի կիրարկումից չեն դժգոհում, տարեցներին օգնում են վճարումներ կատարել, շենքի վճարներն էլ ամբողջովին հավաքագրվում են:
Նարինե Հովհաննիսյան (Տիչինայի 34 շենքի լիազոր կառավարիչ) - Միակ բողոքը բանկի միջնորդավճարներն են, որն էլ կլուծվի:
Ընդհանուր առմամբ, այս համայնքում կա 591 բազմաբնակարան շենք, որից միայն 20-ը այս պահի դրությամբ չեն իրականացրել օրենքի պահանջը և չունեն բացված հաշվեհամար: Տանյա Արզումանյանի խոսքով՝ սա նաև հնարավորություն է օգտվելու պետական և մասնավոր այն ծրագրերից, որոնք իրականացվում են բազմաբնակարան շենքերում:
Տանյա Արզումանյան - Արդիականացման տարբեր ծրագրեր են իրականացվում, որից կարող են օգտվել:
Անկանխիկ եղանակով հավաքագրված գումարները նաև այլ հնարավորություններ են տալիս:
Տանյա Արզումանյան - Ավելացված գումարները կարող են նաև ավանդ դնել:
Վարչական տույժ կիրառելու մասին որոշումը կսկսի գործել նոյեմբերի 24-ից: Օրինախախտները կտուգանվեն 10.000 դրամով, մեկ ամսվա ընթացքում բացթողումը չվերացնելու դեպքում` կրկնակի ավելի: Արզումանյանը բազմաբնակարան շենքերի լիազոր կառավարման մարմինների աշխատանքը, ընդհանուր առմամբ, բացասական է գնահատում:
Տանյա Արզումանյան - Ունենք իներցիոն կառույցներ, որոնք ոչ մի բան չեն ապահովում:
Դա առաջին հերթին գիտելիքների պակասի և կառավարման վարքագծի բացակայության արդյունք է: Մեկ գրչի հարվածով ոլորտում արմատական փոփոխություններ այս պահին հնարավոր չէ անել՝ ընդգծում է Տանյա Արզումանյանը: Նախ կփորձեն տարբեր ծրագրերով կրթել և վերապատրաստել լիազոր կառավարիչներին, իսկ մինչև տարեվերջ կմշակվի բարեփոխումների հայեցակարգ:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան