2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը՝ Կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի: ԱԺ ներկայացված բյուջեի նախագծի հիմքում ընկած հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ 2022 թվականի 9 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14.1 տոկոսով, ինչի արդյունքում հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:
«Դա թույլ է տալիս ոչ միայն նախատեսված ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջետային ծախսերը, այլև հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար, ինչպես նաև արագացնել Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված նպատակների իրագործման ընթացքը»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15-20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը՝ գտնվելով ՀՆԱ-ի 13-14 տոկոս իրական աճի սահմաններում:
«2022 թվականի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 միլիարդ դոլարին համարժեք սահմանը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
2023 թվականի համար թիրախավորվում է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս իրական աճ: