Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 2020-2022 թթ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի և Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտման դեպքերը:
«2020 թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը դիմել է Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների հանգեցնող հանցավոր գործողությունների, որոնց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար հանդես է եկել հայտարարություններով։
Անցած երկու տարվա ընթացքում արձանագրվել են հրադադարի խախտման, հոգեբանական ահաբեկչության, ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարման, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտման, մշակութային արժեքների վանդալիզմի և այլ բնույթի հարյուրավոր անօրինական ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բացահայտ դրսևորումներ, որոնք հանգեցրել են Արցախի ժողովրդի՝ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, ազատ տեղաշարժի, անձնական և ընտանեկան կյանքի, մշակութային և կրոնական իրավունքների, արժանապատվության անխախտելիության իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, խտրականության արգելքի խախտումների։
• 2020 թվականի նոյեմբերի 10-ից 2022 թվականի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է նյութական և մարդկային վնասի հանգեցրած հանցագործության 121 դեպք։
• Սպանվել է 18 անձ (3-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական), սպանության փորձի ենթարկվել՝ 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ):
• Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված 8 անձանցից 5-ը վերադարձվել են բռնության, խոշտանգման բացահայտ հետքերով, կոտրվածքներով։ Հայկական կողմին վերադարձված նշված անձանցից Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող՝ 1989 թ. ծնված Արտակ Մանասյանը ընդամենը ամիսներ անց մահացել է։
• Թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզվել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակվել են մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արոտավայրեր անցած կենդանիները չեն վերադարձվում, այլ հափշտակվում և օգտագործվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։
• Բացահայտ խոչընդոտվում են շփման գծի հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները։ Թիրախային կրակոցներ են արձակվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ու գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ, որից հետո աշխատանքները դադարեցվում են: Ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունները ակտիվանում են հատկապես գյուղատնտեսական սեզոնի և բերքահավաքի ժամանակ։
Ադրբեջանցի զինվորականները երբեմն անմիջապես մտնում են այգիները և զենքի գործադրման սպառնալիքով բերքահավաքին մասնակցող անձանց ստիպում լքել այն: Նման վարքագծի հետևանքով սպանվել է Մարտակերտի շրջանի բնակիչ, հողագործությամբ զբաղվող Արամ Տեփնանցը, Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Սեյրան Սարգսյանը։
• Ճնշում գործադրելու նպատակով պարբերաբար խաթարվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը, որպիսին արձանագրվել է 2022 թվականի մարտին, երբ Ադրբեջանի կողմից գազախողովակի պայթեցման հետևանքով շուրջ 20 օր Արցախի ողջ բնակչությունը զրկված էր գազամատակարարումից և ջեռուցումից։ Հատուկ խլացուցիչների միջոցով շարունակում են խլացվել կապն ու հաղորդակցությունը։
• Ի հեճուկս միջազգային տարբեր կառույցների կոչերի և հայտարարությունների՝ հրադադարի հաստատումից հետո բաց աղբյուրների մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային արժեքների, գերեզմանների նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման և պղծման հարյուրից ավելի դեպքեր։
• Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը։ Ատելության քարոզ իրականացվում է Ադրբեջանի նախագահի, իշխող ուժի և հանրային ազդեցություն ունեցող անձանց անմիջական մասնակցությամբ։ Ադրբեջանական մանկապարտեզներում և դպրոցներում շարունակվում է հայերի նկատմամբ ատելության վրա հիմնված այսպես կոչված «հայրենասիրական» դաստիարակության մեթոդի կիրառումը։
Այս բոլոր գործողությունները Արցախի էթնիկ զտման և Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական վարքագծի փաստական ապացույցներն են։ Դրանք ավելի խոսուն են, քան ադրբեջանական ղեկավարության կեղծ խաղաղասիրությունն ու տրվող սուտ խոստումները»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը: