Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովն ընթանում է առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության՝ գրում է Euronews-ը։ Փոխարենը պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը Չինաստանի և Թուրքիայի պատվիրակությունների անդամների հետ երկկողմ բանակցություններից հետո արդեն լքել է միջազգային հանդիպումը։
Նախօրեին միջոցառման կազմակերպիչները որոշել են չեղարկել խմբակային լուսանկարը բացման արարողությունը: Kyodo գործակալությունը, վկայակոչելով Ինդոնեզիայի պաշտոնյաներին, հայտնում է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչները հրաժարվել են լուսանկարվել Լավրովի հետ։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն գագաթնաժողովի շրջանակներում ասել է. «Մենք պատասխանատու ենք դադարեցնել այս պատերազմը։ Եթե այն չավարտվի, ամբողջ աշխարհի համար շատ դժվար կլինի առաջ շարժվել»։
Դիտորդների կարծիքով՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը բախվել են գագաթնաժողովում նրա դաշնակիցների՝ Չինաստանի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի դիրքորոշումներին, որոնք ուղղակիորեն չեն քննադատել Մոսկվային:
Չինաստանը կրկին հայտարարել է, որ դեմ է Ռուսաստանին G20-ից և այլ միջազգային հարթակներից դուրս թողնելուն: Միևնույն ժամանակ, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը դատապարտել է պարենի և էներգետիկայի հարցերի քաղաքականացումը, դրանք որպես զենք օգտագործելը, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ G20-ի բոլոր անդամները պետք է դիմադրեն նման փորձերին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կրկին կոչ է արել Ուկրաինայում դիվանագիտական լուծումներ փնտրել։
Եզրափակիչ հռչակագրի նախագիծը, որին ծանոթացել են լրատվական գործակալությունները, «խիստ կերպով դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան և պահանջում է ռուսական զորքերի ամբողջական և անվերապահ դուրս բերումն Ուկրաինայի տարածքից»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ G20-ն անվտանգության խնդիրներ լուծելու ֆորում չէ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դատապարտել է Մոսկվային մեկուսացնելու ԱՄՆ վարչակազմի ջանքերը։
«Բոլոր խնդիրներն Ուկրաինայի կողմում են, որը կտրականապես հրաժարվում է բանակցություններ վարել և առաջ է քաշում պայմաններ, որոնք ակնհայտորեն անիրատեսական են և ոչ համարժեք ներկա իրավիճակին»,- ասել է նա։