ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ նախագահի պաշտոնին է առաջադրվելու 2024 թվականի ընտրություններին:
«Ամերիկան կրկին մեծ և փառահեղ դարձնելու համար այսօր երեկոյան կհայտարարեմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իմ թեկնածության մասին»,- ասել է Թրամփը Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո ափամերձ կալվածքում հավաքվածներին, որտեղ էլ կգործի նրա նախընտրական շտաբը՝ գրում է CNN-ը:
Լրատվական գործակալությունը նկատել է, որ դաշնակիցներով, խորհրդականներով և պահպանողական ազդեցիկ դեմքերով շրջապատված Թրամփը համեմատաբար զուսպ ելույթ է ունեցել՝ լի իր չորս տարվա պաշտոնավարման մասին կեղծ ու չափազանցված պնդումներով:
Ըստ CNN-ի՝ այդ ենթադրյալ ձեռքբերումներից շատերը՝ սկսած ներգաղթի խիստ միջոցառումներից մինչև կորպորատիվ հարկերի իջեցումն ու կրոնական ազատության նախաձեռնությունները, մինչ օրս մնում են խորապես բևեռացված:
Իր հերթին, ԱՄՆ գործող դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը լրագրողների առաջ ելույթ ունենալիս հայտարարել է, որ իր թեկնածությունը երկրորդ ժամկետում առաջադրելու մասին վերջնական որոշումը կկայացնի 2023 թվականի սկզբին։