«Արամ Խաչատրյան» համերգասրահում վոկալիստ, դաշնակահար, կոմպոզիտոր Ջուդիթ Հիլի համերգով է բացվում Yerevan Jazz Fest 2022 միջազգային 8-րդ փառատոնը։
«Գրեմմիի» դափնեկիր Ջուդիթ Հիլը 2009 թվականին երգել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հետ։ Առաջին անգամ է Հայաստանում։ Սիրում է հայկական խոհանոցն ու երաժշտությունը, հատկապես Արամ Խաչատրյանին։ Առանձնացնում է նրա Ջութակի կոնցերտը։
Հիլը հույս ունի, որ հայ հանդիսատեսը կընդունի իր երաժշտությունը։
Ջուդիթ Հիլ («Գրեմմիի» դափնեկիր, կոմպոզիտոր) - Իմ խորհուրդն է երիտասարդ երգիչներին՝ գտեք ձեր սեփական ձայնն ու ձեր երաժշտությունը։ Թող այն ձեզ համար դառնա ապրելակերպ։ Իմ կյանքի լավագույն փորձը եղել է Մայքլ Ջեքսոնի ու նրա նման մեծերի հետ երգելը։ Նրանցից շատ բան եմ սովորել։
Համերգին մասնակցում են արվեստագետներ տարբեր երկրներից։
Սերգեյ Կռիլով (երգիչ, շոումեն) - Բոլոր մարդիկ, որոնք այսօր եկել են համերգի, երջանիկ են։ Նրանք կտեսնեն բացառիկ մարդու, որը տարբերվում է մյուսներից։ Իսկական երաժիշտ է, որ գնում է իր ճանապարհով։
Ջազի հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող Yerevan Jazz Fest-ը այս տարի կլինի միայն մայրաքաղաքում։ Սպասվում են համերգներ հայտնի երաժիշտների, ջազմենների մասնակցությամբ։ Փառատոնի կազմակերպիչները խոստանում են ջազային հրավառություն։ Այս տարի փառատոնին կմասնակցեն նաև դիջեյներ, կլինեն երգչախմբային ջազ երեկոներ, վարպետության դասեր։
Կամո Մովսեսյան (Հայաստանի ջազի ասոցիացիայի նախագահ) - 8 տարվա մեջ ջազային աստղ չկա, որ հրավիրված չլինի, սկած Դիդի Բրիջի Վոթերից, Ռիչարդ Բոնա, Միլեր, Սանդովալ, Կլարկ։ Անուններ են, որոնք վայել են ցանկացած երկրի, ցանկացած դահլիճի համար։
Դեկտեմբերի 2-ին փառատոնը կփակի 11 «Գրեմմիի» դափնեկիր, շեփորահար Ֆիլիպ Լասիթերը։
Հեղինակ՝ Անի Ավագյան