Օրերս հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը նոր հաղթանակ գրանցեց իր էկրանային ու փառատոնային հաղթարշավում՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակը նվաճելով Ասիա-խաղաղoվկիանոսյան տարածաշրջանի երկրների կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում:
Հեղինակավոր այս կինոստուգատեսը, որին մասնակցում են 70-ից ավելի երկրներ, կինոմթնոլորտ և արժեհամակարգ է թելադրում տարածաշրջանի ֆիլմարտադրողներին, գործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ կինոարվեստի միջոցով ազգային մշակույթները պահպանելու և զարգացնելու հարցում: Այս տարի հայտավորվել էին 1000-ից ավելի ֆիլմեր, որոնցից անիմացիայի անվանակարգում միջազգային ժյուրին ընտրել էր 5 լավագույն հավակնորդ ֆիլմեր: «Ավրորայի» նոր մրցանակը վերահաստատում է՝ համարտադրության հաջողված նախագիծը և Ավրորա Մարդիգանյանի պարզ և սրտառուչ մարդկային պատմությունը 100 տարի անց կրկնում են հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» ֆիլմի ճակատագիրը:
Շուշանիկ Միրզախանյան (Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն) - Համարտադրությունը թույլ է տալիս այս պատմությունը շատերին հասանելի դարձնել, և ինչպես 100 տարի առաջ, այսօր էլ ցույց է տալիս, թե ինչպես Թուրքիան իրականացրեց Հայոց ցեղասպանությունը:
Այս կինոնախագիծը, որում Հայաստանը հանդես է գալիս որպես մեծամասնական համարտադրող, չափազանց բարդ և երկարատև արտադրական ընթացք ունեցավ, բայց Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությունից հետո նախագծին միացած համարտադրողներն այսօր միջազգային մեծ կինոշուկայի դռներն են բացում ֆիլմի առաջև:
Վարդան Հովհաննիսյան («Բարս մեդիա» ստուդիայի հիմնադիր, «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի պրոդյուսեր) - Ֆիլմը շատ բարդ ստեղծվեց, կար Կինոկենտրոնը, հետո՝ Հ1-ը, հետո միացավ ԱՌՏ-ն, «Եվրիմաժ»-ը, նման գործակցությունը բարդ մեխանիզմ է, բայց հնարավորություն է, որ ֆիլմը ամբողջ աշխարհում դիտեն:
Ի դեպ, միջազգային բարձրակարգ այս մրցանակաբաշխությանը Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2007-ին՝ Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմով, որը նոմինացված էր լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում: Այժմ ՝15 տարի անց, Հայաստանը և «Բարս մեդիան» հաղթական վերադարձ են արձանագրում ճանաչված կինոհարթակում: Այժմ «Ավրորայի լուսաբացը» բացարձակ անշլագով ցուցադրվում է Ամստերդամի վավերագրական կինոյի հայտնի փառատոնի ծրագրում՝ բոլոր տոմսերը նախապես սպառված են: