Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առոչինչ է համարել նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերսկսած 11-րդ արտակարգ հատուկ նստաշրջանի ընթացքում ընդունված «Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար վնասի հատուցման և փոխհատուցման ապահովման մասին» բանաձևը:
«Չնայած իր բացահայտ հակառուսական բնույթին՝ ընդունված բանաձևն առոչինչ է միջազգային-իրավական տեսանկյունից»,- նշել է Զախարովան՝ պարզաբանելով, որ Գլխավոր ասամբլեան չունի «ո՛չ լիազորություններ, ո՛չ էլ, առավել ևս, իրավասություն նման հարցեր լուծելու համար»:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ն իրավունք չունի որոշել ագրեսիայի փաստը և մեղքը բարդել հակամարտության կողմերից մեկի վրա, քանի որ այդ գործառույթներն իրականացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
«Անդամ երկրների կեսից ավելին հրաժարվել է աջակցել փաստաթղթին։ Դրանցից 73-ը ձեռնպահ են մնացել, իսկ 12-ը չեն մասնակցել քվեարկությանը»,- ասել է Զախարովան՝ շնորհակալություն հայտնելով 13 երկրներին, որոնք Ռուսաստանի հետ դեմ են քվեարկել բանաձևին։
Նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել է Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցման մասին բանաձևի նախագիծը, որը երկիրը կրել է «Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության միջազգայնորեն անօրինական գործողությունների հետևանքով»։