ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, ասաց՝ դրական են վերաբերվում Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական կապերի զարգացման գաղափարին. «Միջխորհրդարանական կապերի զարգացման գաղափարին դրական ենք վերաբերվում, բայց եթե ուշադրություն եք դարձրել եռակողմ հայտարարության Սոչիի ձևակերպմանը, այնտեղ կարևորվում է առկա մթնոլորտի բարելավումը նման կապերը հաստատելու և զարգացնելու համար»:
Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ, որ մեր պատվիրակների համար չափազանց դժվար է հումանիտար սուր հարցերի առկայության պայմաններում, այդ թվում՝ գերեվարված անձանց հիմնախնդրի առկայության պայմաններում, գնալ և քննարկել միջխորհրդարանական հարցեր:
«Ընդհանուր առմամբ, այո՛, մենք, իհարկե, դրական ենք վերաբերվում. եթե խաղաղության օրակարգի մասին է խոսքը, դա կարևոր մաս է, ընդ որում՝ ոչ միայն միջխորհրդարանական, այլև հանրությունների ներկայացուցիչների կապերին: Բայց նորից եմ ասում՝ շատ կարևոր է, որ լինի համապատասխան միջավայր՝ այդ քննարկումներն արդյունավետ դարձնելու համար, հակառակ դեպքում այդ քննարկումներն ընդամենը շեշտում են պրոբլեմը՝ առանց լուծումներ առաջարկելու»,- նկատեց վարչապետը:
Պատասխանելով հաջորդ հարցին, որը վերաբերում էր դիվանագիտական կորպուսին ուղղված պետբյուջեի ծախսերին, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մեր դիվանագետներին վճարվող դրամային բավարարումները համապատասխանեցվել են ՄԱԿ-ի ստանդարտներին:
«Դա ուղղություններից մեկն է, որպեսզի մեր դիվանագիտական ծառայությունը դարձնենք ավելի արդյունավետ, և հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է: Հիմա մենք որոշակի քաղաքականություն ունենք. ուզում ենք դեսպանատների ենթակառուցվածքային կարողություններն ավելացնել»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ խնդիր է դրվել նաև, որ մասնավոր անձինք չհովանավորեն դեսպանատները: