Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի վերաբերյալ Իրանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Զրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը հակասություններն ու թյուրըմբռնումները վերացնելու լավագույն ուղի է անվանել դիվանագիտական և պաշտոնական խողովակները և ընդգծել, որ լրատվամիջոցներում նման հարցերի քննարկումը ոչ միայն չի օգնում խնդիրների լուծմանը, այլև թշնամիների համար իրավիճակից օգտվելու հիմքեր է ստեղծում:
Աբդոլլահիանը հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն է անվանել և շեշտել երկու երկրի միջև բազմակողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է մասնակցել Թեհրանում «3+3»-ի՝ որպես դիվանագիտական ճանապարհով տարածաշրջանային հարցերի կարգավորման մեխանիզմի հանդիպմանը:
Ադրբեջանի արտգործնախարարն էլ դրական է որակել երկու երկրի նախագահների Աստանայի հանդիպումն ու Թեհրանի և Բաքվի պաշտոնյաների հանդիպումներն ու հեռախոսազրույցները ու նշել, որ Ադրբեջանը պատրաստակամ է հարաբերությունների ընդլայնման և թյուրըմբռնումների վերացման հարցում:
Բարեկամական հարաբերությունների ամրապնդման և հնարավոր թյուրընկալումների վերացման համար կողմերն ընդգծել են երկու երկրի տարբեր կառույցների միջև հարաբերությունների և կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: