Տարեցտարի բնակչության վստահությունը պետական պատվերով տրամադրվող ծառայությունների նկատմամբ աճում է: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Դրան զուգահեռ, ըստ նախարարի, կա դիմելիության աճ:
«2022 թվականի 10 ամիսների արդյունքով հիվանդանոցային դեպքերի 60 տոկոսից ավելին իրականացվել է պետպատվերի շրջանակներում: Իրականացվել են 10 հազարից ավելի սրտի վիրահատություններ, մոտ 8 հազար ուռուցքաբանական վիրահատական միջամտություններ: Դիմելիության աճին են նպաստում ինչպես քովիդյան և հետքովիդյան ստեղծված իրավիճակը, այնպես էլ հետպատերազմական իրավիճակը, նաև երկար տարիներ հետաձգված բժշկական օգնության դիմելու խնդիրը»,- ասաց Ավանեսյանը:
Խոսելով հաջորդ տարվա ծրագրերի մասին՝ Ավանեսյանը նշեց, որ 1.7 միլիարդ դրամով կավելացվեն առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձերին ուղղվող գումարները:
«Մենք վերանայելու ենք մեր բժիշկների և բուժքույրերի ցուցադրած աշխատանքային արդյունքները և ըստ դրա՝ բոնուսային համակարգի վերանայմամբ, մոտ 25 տոկոսով ավելացնելու ենք նրանց աշխատավարձը»,- ասաց Ավանեսյանը: