ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022 թ․ նոյեմբերի 14-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք բնակավայրի վարչական տարածքում գտնվող ռեստորանային համալիրի տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նույն մարզի 41- և 37-ամյա բնակիչների միջև: Քիչ անց 41-ամյա տղամարդը, ավտոմեքենայով դարանակալելով 37-ամյա տղամարդուն, իրեն պատկանող 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակոցներ է արձակել վերջինիս կողմից վարվող ավտոմեքենայի ուղղությամբ, որում եղել է մեկ ուղևոր, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել, քանի որ տղամարդը ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 3 կրակված 12 մմ տրամաչափի փամփուշտներ, վերցվել է տեսանկարահանող սարքերի տեսագրությունը: Նշանակվել են փորձաքննություններ:
37-ամյա տղամարդը և վերջինիս ուղևորը ճանաչվել են տուժող ու հարցաքննվել:
Նույն օրը 41-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Վերջինս ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: