Հայաստանի սահմանապահ գյուղերում բնակություն հաստատող ընտանիքներին պետական աջակցության ծրագիրը մտնում է գործնական փուլ: Հաստատվել է ծրագրի ընթացակարգը: Հիփոթեք ձևակերպելու համար շահառուները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության հետ պայմանագիր կնքած բանկեր ու ֆինանսավարկային կազմակերպություններ: Աջակցություն կտրամադրվի հիփոթեքի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և մինչև 13%-ի հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Ծրագիրը վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր ամուսնացած են, ընտանիք են` անկախ երեխա ունենալու հանգամանքից: Ամուսնական զույգից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի:
Խաչատրյանը բացատրում է՝ այսինքն՝ պարտադիր չէ, որ շահառուն լինի սահմանամերձ բնակավայրից, նույնիսկ Երևանից կարող են դիմել, տուն կառուցել սահմանամերձ գյուղում: Միայն թե, եթե անհատական տան կառուցապատման վարկի գումարը գերազանցի պետության սահմանած 16 միլիոն դրամի շեմը, տարբերությունը կվճարի շահառուն: Եթե սահմանամերձ բնակավայրում տան կառուցումը արժենա հենց 16 մլն դրամ, կստացվի` ամբողջ գումարը վճարում է պետությունը:
Դավիթ Խաչատրյան - Իրենք պետք է հիփոթեքի պայմանագիր կնքեն ֆինանսավորող կազմակերպության հետ, կազմակերպությունն արդեն այդ շահառուի մասով համապատասխան տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով կտրամադրի Միասնական սոցիալական ծառայությանը, որն էլ կկատարի հաշվառում և կսկսի վճարումները հաջորդ իսկ ամսվանից:
Ծրագրի իրականացման ժամկետը 2022-24 թվականն է: Հայաստանում սահմանամերձ է հինգ մարզի 80 բնակավայր: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը հիշեցնում է ծրագրի նպատակները, որոնցից մեկը այդ համայնքներում բնակարանային ֆոնդի թարմացման խնդրի լուծումն է:
Դավիթ Խաչատրյան - Նաև սոցիալական տեսանկյունից երիտասարդ, նոր ձևավորվող ընտանիքների համար սա բավականին գրավիչ աջակցություն է, երբ իրենք կարող են իրենց սեփական տունն ունենալ, ամուսնանալ, սկսել համատեղ կյանքը: Սա կարող է բերել սահմանամերձ համայնքներում բնակչության թվի աճին կարող է բերել:
Ծրագիրը ֆինանսավորվելու է 3 փուլով: Նախնական հաշվարկով` 2022 -ին 80 շահառուի աջակցության գումարը կկազմի ավելի քան 28, 5 մլն դրամ: Հաջորդ տարի կանխատեսվում է միջինում լրացուցիչ ամսական 25, ընդհանուր՝ 380 գործարք, տարեկան աջակցության գումարը կկազմի 695 մլն 190 հազ. դրամ։ 2024-ի համար ակնկալվում է միջինում լրացուցիչ 3-ական բնակելի տան կառուցում յուրաքանչյուր բնակավայրում: Պետական եռամյա ծրագրի ծրագրով ընդհանուր ակնկալվում է 620 գործարք՝ մոտ 1, 5 մլրդ դրամ աջակցությամբ։ Փոխնախարարը չի բացառում, որ 2024-ից հետո շարունակվի ծրագիրը: