ՀՀ Ազգային ժողովը քննարկեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով կներդրվեն նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ:
Խոսքը վերաբերում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրին:
««Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվելու է ազատորեն»,- ասաց Պապիկյանը:
Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման:
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով կդադարեցվի «Ես եմ» ծրագրի գործունեությունը: «Ես եմ» ծրագրով այս պահին զինվորական ծառայությունը շարունակում է երկու զինծառայող:
Նրանց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թ. հունվարին: