Արփին Երկիր մոլորակի 8-միլիարդերորդ բնակիչն է: Խորհրդանշական, իհարկե:
Միավորված ազգերի կազմակերպության հաշվարկով` նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը հատում է 8 միլիարդի սահմանը: Ամեն երկիր կարող է ընտրել 8-միլիարդերորդ իր բնակչին: Հայաստանում որոշվել է, որ դա Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծննդատանը լույս աշխարհ եկած երեխան է՝ Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի և Անի Քոչարյանի դուստրը՝ երկու տղաների քույրը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պարզաբանում է՝ այս ընտրությամբ նպատակ ունեն ուշադրություն հրավիրել մարզի ժողովրդագրական խնդիրների վրա:
Աննա Հովհաննիսյան (ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող) - Վերարտադրողական առողջության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, ծնելիության ցուցանիշով, մահացության գործակցով այդ մարզը բավականին խոցելի է:
«2011 թվականին աշխարհի բնակչությունը 7 միլիարդ էր: Ընդամենը 11 տարում աճեց 1 միլիարդով: Կանխատեսվում է, որ 2050-ին Երկիր մոլորակի վրա կապրի 9.7 միլիարդ մարդ: Առավելագույն թվին՝ 10.4 միլիարդին, բնակչությունը կհասնի 2080 թվականին»:
Աննա Հովհաննիսյան - Ըստ մեր կանխատեսումների` այդ թիվը պահպանվելու է մինչև 2100 թվականը: Դրանից հետո, նորից` ըստ մեր կանխատեսումների, Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը կսկսի փոքր-ինչ նվազել:
Կերակրել, կրթել, բուժել, սպասարկել՝ աճող բնակչության պայմաններում պետությունների բեռը ծանրանում է: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը փաստում է՝ մոլորակի հնարավորություններն անսահմանափակ չեն, մինչդեռ մարդկանց պահանջները շարունակ աճում են:
Աննա Հովհաննիսյան - Չկա գրեթե որևէ ոլորտ, որ հայտնվի շահեկան վիճակում:
Հետազոտությունները ցույց են տալիս՝ մոլորակի բնակչությունը շարունակաբար աճում է՝ մահացության ցուցանիշների նվազման և կյանքի միջին տևողությունը երկարելու պատճառով. առողջապահական ծառայությունները հիմա ավելի հասանելի են, զարգանում են նորագույն տեխնոլոգիաները: Ի տարբերություն առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ծնելիության ցուցանիշը նույնպես աշխարհի մասշտաբով աճում է: Փոխարենը՝ վերարտադրողականության գործակիցն է նվազում, ընտանիքներն ավելի քիչ երեխա են ունենում: Կանխատեսվում է, որ 2100 թվականին ներկայիս 2.5 գործակիցը կդառնա 2.1: Հայաստանում այսօր արդեն այդ գործակիցը 1.6 է, ինչը մինչև 2050 թվականը բնակչության նվազումը դարձնելու է անխուսափելի: Իրավիճակը փոխելուն ուղղված ծրագրերը, ըստ Աննա Հովհաննիսյանի, ընդամենը կարող են նվազումը մի քիչ դանդաղեցնել: Տարածաշրջանի երկրներից բնակչության նվազում կունենան նաև Վրաստանն ու Ռուսաստանը:
Այսօր ամենաշատ բնակչությունն ունի Չինաստանը. 2021-ի տվյալով` ավելի քան 1.4 մլրդ: Սպասվում է, որ ընդամենը հաջորդ տարի առաջատարը կդառնա Հնդկաստանը: Այդ երկրի բնակչությունը 2021-ի դրությամբ մոտ է 1.4 միլիարդին:
Հեղինակ` Աննա Զախարյան