Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
Մարզպետը դեսպանին ներկայացրել է Տավուշի մարզը և հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Տավուշի մարզում գյուղատնտեսության, զբոսաշրջության ու կրթության ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր:
Դեսպանն իր խոսքում վստահեցրել է, որ այս ոլորտների զարգացումն արդյունավետ կլինի, որովհետև Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի:
Դեսպան Յոնգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա Չինաստանին աջակցել մարզի զարգացմանը:
Հանդիպման ավարտին ներկաները միմյանց են հանձնել հուշանվեր՝ ի նշան բարեկամության, որից հետո այցելել են Մակարավանք: