2020 թվականին ադրբեջանական և հայկական ԶՈՒ միջև տեղի ունեցան պատերազմական գործողություններ, 2021 և 2022 թվականներին ևս հրադադարը խախտվեց: Սեպտեմբերին Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք, ինչը 100-ավոր զոհերի պատճառ դարձավ՝ հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ժակ Լոնեն:
«Այս հարձակումները պատահական միջադեպեր չեն: Կոչ եմ անում քվեարկել այս նախագծի օգտին, օգտագործել միջազգային մեխանիզմները, օրինակ՝ Եվրախորհուրդը, որի անդամ են Հայաստանը և Ադրբեջանը: Այդպիսով կկարողանանք գտնել խաղաղության ճանապարհը:
Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, ադրբեջանական ուժերը պետք է հետ քաշվեն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և Ալմա-Աթայի 1991 թ. Հռչակագրին համապատասխան»,- նշել է սենատորը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները: Լեռնային Ղարաբաղը ամենահին հայկական տարածքներից է։ Այսօր այնտեղ վտանգված են հայկական հուշարձանները: Միջազգային հանրությունը և Ֆրանսիան չպետք է լուռ հետևեն այդ հուշարձանների ոչնչացմանը, հայկական մշակույթի վերացմանը։
Սենատորը հայտարարությունն արել է Ֆրանսիայի Սենատում՝ Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկման ժամանակ: