Ֆրանսիայի Սենատի անդամ Պատրիկ Քանները նշել է, որ Սենատ ներկայացված նախագիծը հնարավորություն կտա վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու կայուն խաղաղության հաստատմանը և սատարելու հայ ժողովրդին, որը տառապում է հարևան ազգայնականների պատճառով:
«Մենք պահանջում ենք, որ հայ գերիները վերադարձվեն՝ առանց նախապայմանների: Պահանջում ենք, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն Լաչինի միջանցքից՝ առանց նախապայմանների: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պետք է հարգվի, միջազգային համաձայնագրերը պետք է կյանքի կոչվեն: Ադրբեջանը փորձում է առաջ տանել իր ծավալապաշտական նկրտումները: Ֆրանսիան պետք է դերակատարում ունենա այս խնդրի լուծման մեջ»,- նշել է Սենատորը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը և նրա դաշնակիցները չեն կարողանում ապահովել տարածաշրջանում խաղաղությունը:
«Ֆրանսիայի նախագահն ակտիվ ջանքեր է գործադրում: ԵՄ-ն պետք է որոշում կայացնի և իր գազի ու նավթի գնումները համապատասխանեցնի միջազգային իրավունքի նորմերին: Հարկավոր է ամենաբարձր մակարդակով գործել, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ապահովել երկարաժամկետ խաղաղություն: Ամեն ինչ պետք է արվի, որ Ադրբեջանը պարտավորվի վերսկսել դիվանագիտական բանակցությունները՝ հասնելու երկարաժամկետ և արդար խաղաղության»,- ասել է Քանները: