Բալիում մեկնարկել է G20-ի երկօրյա գագաթնաժողովը։ Բացման խոսքով է հանդես եկել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն:
Ջոկո Վիդոդո (Ինդոնեզիայի նախագահ) - Մենք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն մեր ժողովուրդների, այլև ամբողջ աշխարհի առաջ: Հարկավոր է դադարեցնել պատերազմը: Եթե այն չավարտվի, առաջ շարժվելը դժվար կլինի բոլորի համար։ Աշխարհը չպետք է ընկղմվի նոր սառը պատերազմի մեջ, պետք է թույլ չտանք, որ այն մասնատվի։
Գագաթնաժողովին տեսակապի միջոցով մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նա դիմել է G20-ի առաջնորդներին:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Եկել է ժամանակը դադարեցնելու Ուկրաինայի դեմ պատերազմը: Մենք թույլ չենք տա Մոսկվային ժամանակ շահել և ավելացնել իր ուժերը: Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի տարածքից, փոխհատուցի մեր պետությանը պատճառված վնասը և հաստատի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Մենք ունենք մեր պահանջները. Կիևը «Մինսկ-3» չի ստորագրի։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ռուսաստանի հետ գերիների փոխանակման միակ բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» բանաձևն է։ Զելենսկին նաև կարծիք է հայտնել, որ հացահատիկի գործարքը կարող է անժամկետ դառնալ և շարունակվել, այդ թվում՝ պատերազմի ավարտից հետո:
Վլադիմիր Պուտինը Բալի չի մեկնել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահը նման որոշում է կայացրել, քանի որ հանգամանքները ստիպում են մնալ երկրում: Այս տարի գագաթնաժողովում Ռուսաստանը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Գագաթնաժողովի շրջանակում այսօր տեղի է ունեցել նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ղեկավարները կոչ են արել Ուկրաինայում հրադադար հաստատել և վերսկսել խաղաղ բանակցությունները: Մակրոնը պատրաստակամություն է հայտնել աշխատել Պեկինի հետ համաշխարհային խաղաղությանը նպաստելու ուղղությամբ:
Սի Ծինփինը, իր հերթին, ընդգծել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Չինաստանի դիրքորոշումը չի փոխվի։ Նա հավելել է՝ Պեկինը մտադիր է կարգավորել ստեղծված իրավիճակը «սեփական մեթոդներով»։
Նախագահներն անդրադարձել են էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրներին, ընդգծել՝ համատեղ միջոցներ կձեռնարկեն՝ պայքարելու կլիմայի փոփոխության դեմ և պաշտպանելու կենսաբազմազանությունը:
«Պեկինը և Փարիզը պետք է միասին նայեն դեպի ապագա: Մեր երկրները պետք է հաշվի առնեն ազգային փոխադարձ շահերը»,- ընդգծել է Ծինփինը։
Չինաստական կողմն ամփոփել է նաև Սի Ծինփինի և Ջո Բայդենի երեկ տեղի ունեցած հանդիպումը: Արտգործնախարար Վան Ին նշել է, որ Պեկինը ողջունում է նախագահների հանդիպման արդյունքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Չինաստան այցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Նրա խոսքով՝ Պեկինը և Վաշինգտոնը կշարունակեն աշխատել ֆինանսական և առևտրատնտեսական հարցերի շուրջ: Չինական կողմի համոզմամբ՝ հարկավոր է ջանքեր գործադրել նաև՝ լուծելու էներգետիկ ճգնաժամը, որն այժմ աշխարհի առաջ ծառացած գլխավոր մարտահրավերն է։ Պեկինը նաև հույս է հայտնել, որ Վաշինգտոնը չի խախտի «Մեկ Չինաստանի» սկզբունքը, և Թայվանի ստատուս քվոն կպահպանվի:
Ուկրաինայում պատերազմը դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու կոչ է արել նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Նրա խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղություն հաստատելու համար լուրջ ջանքեր են գործադրվեցել և այժմ նման աակնկաալիք կա նաև Մես քսանյակի երկրներից:
Չնայած համախմբվածության և խաղաղության կոչերին՝ գագաթնաժողովից առաջ նախատեսված ավանդական լուսանկարման արարողությունը չեղարկվել է: Լրատվամիջոցների տվյալով՝ Քսանյակի հանդիպման կազմակերպիչները չեն պարզաբանել նման որոշման պատճառները: Ավելի վաղ The Guardian-ը գրել էր, որ G20-ի երկրների ղեկավարները մտադիր են հրաժարվել համատեղ լուսանկարից՝ ռուսական պատվիրակության ներկայության պատճառով։