Երկու տասնյակից ավելի անգամ փորձարկված, սակայն տարբեր պատճառներով չիրականացված խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը վերջապես մեկնարկեց Արմավիրից և Արարատից:
Առաջին ականջապիտակը փակցնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը: Յուրաքանչյուր ականջապիտակ իր համապատասխան համարով նախ գրանցվում է հատուկ մատյանում: Այնուհետև ականջապիտակի համարը գրանցվում է «Անի փաս» էլեկտրոնային համակարգում: Այս գործընթացն ինքնանպատակ չէ. յուրաքանչյուր համարակալում ոչ միայն կենդանու, այլև տիրոջ մասին տեղեկատվություն է պարունակում:
«Անի փաս» համակարգում գրանցվում է նաև տեղեկատվություն կենդանու առողջական վիճակի մասին: Նախքան համարակալման ու հաշվառման գործընթացը սկսելը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը, փոքր անասնապահական տնտեսություններով հայկականին նման է Ավստրիայի անասնապահությունը՝ ասում է ՊՈԱԿ-ի տնօրենը: Վերջին տվյալով, մոտավոր հաշվարկով, Հայաստանում գրանցված է եղել 550 հազար խոշոր եղջերավոր կենդանի: Հաշվի առնելով նաև տարեկան արձանագրվող ծինը՝ ներկրվել է 800 հազար զույգ ականջապիտակ: Ականջապիտակների փակցնելու գործընթացը արագ է ընթանում. մինչև տարեվերջ կհասցնեն համարակալել եղած գլխաքանակի կեսը:
Գառնիկ Հովհաննիսյան («Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Նախատեսել ենք, որ կհամարակալենք 40-50 տոկոսը, բայց եթե այս տեմպերով շարժվենք, ինձ թվում է՝ ավելի շատ կկարողանանք համարակալել: Քանի որ ձմեռվա ընթացքում կենդանիները գտնվում են անասնագոմերում, մեզ համար ավելի հեշտ կլինի համարակալել:
Համարակալման գործընթացն անվճար է, ֆինանսավորումը պետբյուջեից է: Անասնատերը համարակալումից կշահի ու չի տուժի՝ վստահեցնում է Արարատի տարածաշրջանի համաճարակաբանը: Առավելությունների թվում նշում՝ համարակալված կենդանին կարող է նաև դիտվել գրավի առարկա: Կան անասնապահներ, որոնք ֆերմայում ներդրումներ չեն կարողանում անել, քանի որ բանկերը կենդանուն գրավի առարկա չեն համարում:
Նիկոլայ Գալստյան (Արարատի մարզի Արարատի տարածաշրջանի համաճարակաբան) - Անասնատիրոջը բավականին առավելություններ է տալու այս գործընթացը: Առաջին՝ անասնատերը իր ֆերման անասուններով կարողանալու է ներդնել բանկում որպես գրավ, երկրորդ՝ կարող ենք ապահովագրել մեր անասունները, և երրորդ՝ մեր մսամթերքը, կաթնամթերքը կարող ենք ազատ վաճառքի տանք շուկայում, նաև արտահանել:
Համարակալման և հաշվառման ամենակարևոր առավելությունը անվտանգ սննդամթերք ունենալն է: Հաշվառման գործընթացից հետո հնարավոր կլինի հետևել նաև կենդանու շարժին՝ ով ումից գնեց, մինչ այդ ինչ պատվաստումներ և ինչ բուժումներ է ստացել կենդանին. ունենալ պատմություն առողջական վիճակի վերաբերյալ: