ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դարձնելով սեռական բռնության հիմնախնդիրն օրակարգային Հայաստանի Հանրապետությունում» խորագիրը կրող համաժողովին:
Միջոցառմանը ներկա են եղել և բացման խոսքով հանդես են եկել նաև Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարություններից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից և դեսպանատներից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, ընդգծել է թեմայի քննարկման կարևորությունը՝ նշելով, որ այստեղ օրենսդրական կարգավորումները կարևոր են և կարող են շատ բան փոխել, բայց ոչ պակաս կարևոր են հանրային ընկալումները, և այս առումով կրթությունը դառնում է առանցքային գործոն:
«Կրթական համակարգի միջոցով է, որ մենք կարող ենք նպաստել հանրային վարքականոնի փոփոխությանն ու կարծրատիպային և թյուր պատկերացումների վերացմանը,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը և շարունակել,- կրթության համակարգի առաջնային խնդիրը բռնությունը մերժելու հանրային վարքականոնի ձևավորումն է: Կրթությունը մեր հասարակության ամենամեծ համակարգերից մեկն է, հետևաբար կրթության ոլորտում մեր զգայունության աստիճանը կարող է դառնալ բռնության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը: Ամեն օր դպրոց է հաճախում ավելի քան 400 հազար երեխա: Եթե մենք կարողանանք բավականաչափ զգայուն լինել ուսումնական հաստատություններում, ապա կկարողանանք նաև ճիշտ ժամանակին ամրագրել և հասկանալ՝ որտեղ ունենք խնդիր: Պետք է ահազանգել այդ մասին, որպեսզի բոլոր այն կառույցներն ու գերատեսչությունները, որոնք ունեն անհրաժեշտ ռեսուրս ու կարողություն, կարողանան ժամանակին միջամտել և արձագանքել: Սա կարող է շատ էական գործոն լինել բռնության դեմ պայքարի մեր ընդհանուր ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու առումով: Պետք է նախ հասկանանք, թե ինչպիսին է բռնության հանդեպ ընկալունակությունը մեր հասարակության ներսում: Չենք կարող էական տարբերություն ակնկալել, բայց կարող ենք ակնկալել հետևողական քաղաքականություն և էական ջանք»:
Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է հանրակրթության պետական չափորոշչի բովանդակային բարեփոխումները, որտեղ դրված է խնդիր՝ վերանայել և խուսափել կարծրատիպային մոտեցումների ու ընկալումներ՝ի հաճախ անտեսանելի պրակտիկաներից:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ շարունակական աշխատանք և ջանքեր են պետք, որպեսզի կրթական ոլորտի աշխատակիցների մոտ ևս ձևավորվի խնդրին ճիշտ արձագանքելու անհրաժեշտ կարողությունը:
«Այդ աշխատանքը պետք է անենք միասին և հասկանանք, որ այստեղ յուրաքանչյուրիս սխալը դառնում է բոլորիս սխալը: Կարիք ունենք ոչ թե մեղավորներ փնտրելու, այլ իրավիճակներին լուծում տալու: Այս առումով կարևոր է դպրոցներում հոգեբանի պարտադիր հաստիքի ներմուծումը: Պետք է կարողանանք միասին հասկանալ, թե ինչպես կարող է այս ռեսուրսն օգտագործվել առավել արդյունավետ, որպեսզի ուսումնական հաստատություններում կարողանանք ժամանակին, ճիշտ և գրագետ արձագանքել բոլոր դեպքերին, որոնք հետագայում տեղափոխվում են հանրային լայն ասպարեզ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ արձագանքման ամենալավ համակարգերն ունենալու դեպքում անգամ բռնության մի զգալի հատված մնալու է անտեսանելի և չի բարձրաձայնվելու: Համակարգերը պետք է դառնան այնպիսին, որ բռնության մասին բարձրաձայնումը չթիրախավորվի, ինչը հաճախ տեղի է ունենում: Այս համատեքստում նա կարևորել է նաև մեդիայի և հանրային խոսույթի դերը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանի Հանրապետությունում սեռական բռնության հիմնախնդիրները, առանձին պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտային խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: