Համապատասխան մաթեմատիկական մոդելների կառուցման և միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 68 հազար դրամից բարձրացնել և դարձնել 75 հազար դրամ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ՀՀ ԱԺ հերթական նիստերի ընթացքում:
Կառավարության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 15-ին:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել ամսական և ժամային տարիֆների դրույթների չափերում` բարձրացնելով այն: Նախաձեռնությունը բխում է Կառավարության գործունեության ծրագրից: Նախագծերի փաթեթը մշակելիս հաշվի են առնվել ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվություն պարունակող բազաների վերլուծության արդյունքները: Նախագծերի փաթեթը գլխադասային հանձնաժողովում քննարկվել և արժանացել է դրական եզրակացության:
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը, նշելով, որ նախագծերի փաթեթը Կառավարության ծրագրերի իրականացման գործընթացների բաղկացուցիչ մասն է կազմում, ընդգծել է, որ Կառավարությունը սահմանել է նվազագույն աշխատավարձը մինչև 2026 թ. դարձնել 85 հազար դրամ:
Նա հավելել է, որ 2022 թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանում սահմանվել է ռեկորդ աշխատատեղերի մասով. գրանցվել է 691 հազար աշխատատեղ: 2018 թ. սեպտեմբերից մինչև 2022 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվն ավելացել է 108 հազարով: «Նվազագույն աշխատավարձի ամրագրումը ոչ միայն ֆինանսական արտահայտում ունի, այլև պարունակում է որոշակի սոցիալական երաշխիքներ»,- եզրափակել է հարակից զեկուցողը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին: