1891 թվականի նոյեմբերի 14-ին ծնվել է դանիացի բժիշկ, գիտնական Ֆրեդերիկ Բանթինգը: 100 տարի անց նրա ծննդյան օրը հռչակվեց Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, որովհետև երիտասարդ բժիշկն առաջինն է պատմության մեջ, որ ինսուլինի միջոցով մարդու կյանք է փրկել՝ 14 տարեկան տղայինը, որ ծանր ընթացող շաքարային դիաբետ ուներ: Հետո Բանթինգի բացահայտումը միլիոնավոր մարդկանց կյանքեր փրկեց, իսկ նրան դարձրեց Նոբելյան մրցանակի դափնեկիր: Այսօր աշխարհում շաքարային դիաբետ ունի առնվազն 536 մլն մարդ:
Էլիզա Հայրապետյան (Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիայի նախագահ) - Այն պետք է հենց սկզբից կանխարգելել: Ինչպես տեսնում եք, նախադիաբետի մեր այս նկարը ցույց է տալիս, որ այս պահին պետք է կանխել շաքարախտը, իսկ եթե արդեն, ցավոք սրտի, առկա է այն, ապա գոնե պետք է հետաձգել դրանց բարդությունների զարգացումը, որը սրտամկանի սուր ինֆարկտ է, կաթված է, գանգրենա է՝ ստորին վերջույթների անդամահատումով, տեսողությունից զրկվել, երիկամային անբավարարություն: Մի խոսքով, դրանք բոլորը մարդուն դարձնում են հաշմանդամ:
Գիրությունը ազդակ է, որ պետք է հոգ տանել շաքարային դիաբետը կանխարգելելու մասին: Առհասարակ այս հիվանդության դեպքում էլ խրախուսվում է առողջ ապրելակերպը:
Էլիզա Հայրապետյան - Ճիշտ է, երևի կհոգնեցնենք բոլորին՝ ասելով՝ ճիշտ սնվել, սպորտով զբաղվել, չծխել և այլն: Բոլորը հոգնել են այս խոսքերը լսելուց: Դրա փոխարեն մենք պետք է սովորեցնենք՝ ինչ է նշանակում ճիշտ սնվել, ոչ թե կարգադրենք ճիշտ սնվել: Պետք է սովորեցնենք, թե ինչքան կարևոր է, երբ մկանն աշխատում է: Այն կլանում է արյան գլյուկոզան, այրում է արյան գլյուկոզան, նպաստում է, օգնում է գլյուկոզայի յուրացմանը: Ընդամենը կարող են քայլել երեկոյան ուտելուց հետո:
Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիան քննարկեց շաքարային դիաբետի դեմ պայքարում հաջողություններն ու անելիքները: Հայաստանյան վիճակագրությունը ցույց է տալիս՝ շաքարային դիաբետով հիվանդացության դեպքերը ժամանակի ընթացքում ավելանում են: Փոխարենը նվազում են մահացության ցուցանիշները:
Յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով, օրինակ, 1990 թվականին գրանցվել է շաքարային դիաբետի 1 434 դեպք, 2000-ին՝ 1 331, 2010-ին՝ 2 056, 2020-ին՝ 4 471, իսկ նախորդ տարի՝ 2021-ին, դեպքերի թիվը եղել է 4 629:
Նույն տարիներին մահացության դեպքերի վիճակագրությունը հետևյալ պատկերն ունի՝ դարձյալ 100 հազար բնակչի հաշվով:
1990 թվականին՝ 14, 2000-ին՝ 33, 2010-ին՝ 43, 2020-ին՝ 16: Նախորդ տարի՝ 2021 թվականին էլ ցուցանիշն ավելի ցածր է՝ 13:
Ասոցիացիայի նախագահ Էլիզա Հայրապետյանի խոսքով` պետությունն այսօր 100 տոկոսով ինսուլին է ապահովում շաքարային դիաբետ ունեցող բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Աշխարհի ոչ բոլոր երկրներին է դա հաջողվում: Այլ է պատկերը հաբերի դեպքում: Պետությունը դեռ հնարավորություն չունի բնակչությանն ապահովել նորագույն ու լավագույն դեղերով:
Աննա Ավետիսյան - Շաքարային դիաբետով հիվանդ եմ արդեն երեք տարի:
Աննա Ավետիսյանն ասում է՝ իր կյանքն այնքան էլ չի բարդացել: Փորձում է առողջ ապրելակերպ վարել: Տանը մարզվում է, շատ քայլում է: Առողջապահական համակարգին էլ արդեն պարտադրված է հաճախ առնչվել, բայց խնդիրների մասին դժվարանում է նշել:
Աննա Ավետիսյան - Ես ինքս մասնագետ չեմ, որ կարողանամ թերությունները տեսնել, հսկվում եմ բժշկի կողմից և շատ լավ եմ զգում:
Հայաստանում առաջին անգամ հաստատվել է Շաքարային դիաբետի և դրա բարդությունների կանխարգելման ռազմավարական ծրագիր: Էլիզա Հայրապետյանը կարծում է, որ առաջիկա տարիներին այդ ծրագիրն իրականացվելու դեպքում հիվանդության դեմ պայքարը շատ ուղղություններով կբարձրացնի անհրաժեշտ մակարդակի:
Հեղինակ` Աննա Զախարյան