ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը գյուղատնտեսական նոր նախագիծ կիրականացնի Գեղարքունիքի մարզում: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է մարզպետ Կարեն Սարգսյանը:
Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրերի գյուղացիական տնտեսություններում կտեղադրվեն արևային կայաններ, ինչը գյուղատնտեսության զարգացման հնարավորություն կստեղծի մարզի համայնքներում։
Ծրագրի ներդրման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով այսօր Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար Վահան Առաքելյանին։
«Ըստ ծրագրի համակարգողի ներկայացման՝ նույն ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզպետարանի առաջարկությամբ պետք է ընտրվեն սահմանամերձ 5 գյուղական բնակավայրեր, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվի 20 կիլովատտ հզորության արևային կայան։ Բացի դրանից՝ յուրաքանչյուր բնակավայրից կընտրվեն 15-ական ընտանիքներ, որոնք աջակցություն կստանան գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների, նաև՝ մրգերի և բանջարեղենի չորանոցների տեսքով»՝ նշել է Գեղարքունիքի մարզպետը և ավելացրել.
«Տեղադրված արևային կայաններից յուրաքանչյուրի շահագործման դեպքում տարեկան գոյանում է 1,5 միլիոն դրամի տնտեսում, որից 1 միլիոն դրամն ուղղվում է գյուղատնտեսության զարգացման ծրագրերին, իսկ 500 հազար դրամը մնում է համայնքապետարանի տրամադրության տակ։ Ծրագրի շահառու պետք է լինեն առաջին հերթին սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքները, որոնք իրենց տրամադրության տակ ունեն տնամերձ հողամասեր։ Կկազմակերպվեն համապատասխան դասընթացներ, կտրամադրվեն մորու և մոշի տնկիներ և կաթիլային ոռոգման համակարգ ու չորանոցներ՝ չրեր պատրաստելու համար»։
Ծրագիրը ոչ միայն կխթանի այս տնտեսությունների զարգացմանը, այլ նաև կապահովի կայուն եկամուտներ։ Նման ծրագիր ներդրվել է Շիրակի մարզում և արդյունքները գոհացուցիչ են՝ նշել է ծրագրերի համակարգող Վահան Առաքելյանը և հույս հայտնել, որ Գեղարքունիքի մարզում էլ այն հաջող քննություն կբռնի, և, ամենայն հավանականությամբ, 2023 թվականի փետրվարին մենք ձեր միջոցով կընտրենք հաջորդ գյուղական ու սահմանամերձ 5 բնակավայրերի նոր տնտեսություններին:
Ըստ մարզպետ Սարգսյանի՝ նման ծրագրի ներդրումը շատ կարևոր նշանակություն կունենա սահմանամերձ բնակավայրերի կարիքավոր ընտանիքների սոցիալական դժվարին վիճակի բարելավման տեսանկյունից։