ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՆ ԱՅԼԵՎՍ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴԵՍՊԱՆ ՉԷ
Ադրբեջանի նախագահի կինը՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան՝ տեղեկացրել է Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների և սկզբունքների դեմ տասնամյակներ աշխատելուց հետո, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ կազմակերպության առաքելության մուտքը մերժելուց հետո արդարությունը հաղթեց»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է դիվանագետը:
ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՄՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Երկու երկրի ղեկավարները քննարկել են Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը, հացահատիկի գործարքը և ՆԱՏՕ-ում աշխատանքների համակարգումը։
Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալով՝ Բայդենը և Էրդողանը կարծիք են հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին հացահատիկի գործարքը հնարավորություն է ընձեռում ապահովել աշխարհում պարենային անվտանգությանը: Նախագահներն ընդգծել են նախաձեռնությունը շարունակելու կարևորությունը։ Բայդենը նաև վստահեցրել է Էրդողանին, որ կաջակցի Թուրքիային F-16 կործանիչների ձեռքբերման հարցում։
Հաղորդագրության համաձայն՝ ղեկավարներն անդրադարձել են նաև առևտրային և անվտանգային մի շարք հարցերի:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Բալիում տեղի է ունեցել նաև Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Էմանուել Մակրոնը և Ռեջեփ Էրդողանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև առևտրի, ռազմական և էներգետիկ ոլորտներում Թուրքիայի և Ֆրանսիայի գործակցության հեռանկարները։ Ղեկավարներն անդրադարձել են նաև հացահատիկի գործարքի երկարաձգման հնարավորությանը:
ԵՄ-Ն, ՆԱՏՕ-Ն ԴԱՐՁԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ. ԼԱՎՐՈՎ
G20-ի ամփոփիչ հռչակագրի շուրջ աշխատանքները գրեթե ավարտված են՝ հայտարարել է Բալիում ռուսական պատվիրակության ղեկավար, արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Արևմուտքը փորձել է քաղաքականացնել հռչակագիրը և փաստաթղթում այնպիսի ձևակերպումներ ընդգրկել, որոնք կնշանակեին, թե Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտում է ամբողջ Քսանյակը։ «Մենք ավելացրել ենք, որ եղել են նաև այլ կարծիքներ»,- ընդգծել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հերթական անգամ հայտարարել է, որ Կիևին զենք մատակարարելով և ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելով՝ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն փաստացի ուկրաինական հակամարտության կողմ են դարձել: Նա նաև հերքել է լուրերը, թե Վաշինգտոնը հող է նախապատրաստում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։
Լավրովը տեղեկացրել է, որ Ուկրաինայի շուրջ զարգացումները եղել են նաև Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ նրա կարճ հանդիպումների օրակարգում: Արտգործնախարարը հավելել է, որ Մակրոնը հաստատակամ է շարունակելու երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ:
Անդրադառնալով հացահատիկի գործարքին՝ Լավրովը զգուշացրել է՝ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ, կան խոչընդոտներ։ Ռուսական կողմը նշում է նաև, որ հացահատիկի գործարքի երկարաձգման հարցի վերաբերյալ իր որոշման մասին կհայտարարի, երբ դա նպատակահարմար լինի։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԱՆԱԿՑԵԼ. ՊԵՍԿՈՎ
Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը, թե Կիևը «Մինսկ-3» չի ստորագրելու, հաստատում է այն թեզը, որ ուկրաինական կողմը չի ցանկանում բանակցել՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա պնդել է՝ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցել, սակայն Ուկրաինայի իշխանությունները օրենսդրական մակարդակով նման հնարավորություն չեն թողել։ «Հետևաբար Ռուսաստանը կհասնի Ուկրաինայում իր նպատակներին հատուկ ռազմական գործողության միջոցով»,- հավելել է Պեսկովը:
Այսօր Վոլոդիմիր Զելենսկին տեսակապի միջոցով մասնակցել է G20-ի գագաթնաժողովին և հայտարարել, որ Կիևը մտադիր չէ ստորագրել որևէ շրջանակային փաստաթուղթ, որը նախատեսում է զինադադար Ուկրաինայում:
ՄԱԿ-Ի ԳԱ-Ն ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակառուսական բանաձև է ընդունել Ուկրաինային հասցված վնասի միջազգային ռեգիստրի ստեղծման և դրա փոխհատուցման մեխանիզմի ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ: Բանաձևին կողմ է քվեարկել 94 երկիր, 14-ը՝ դեմ, 73 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը ձեռնպահ են մնացել։ Ադրբեջանն ու Թուրքմենստանը չեն մասնակցել քվեարկությանը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՄԱԿ-ի բանաձևն օրինականացնում է Ռուսաստանի կողոպուտը:
ՍԵՐԲԻԱՆ ԵՎ ԿՈՍՈՎՈՆ ԿԲԱՆԱԿՑԵՆ
Բելգրադի և Պրիշտինայի ներկայացուցիչները կբանակցեն Բրյուսելում՝ Եվրամիության միջնորդությամբ՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Բորելի խոսքով՝ նոյեմբերի 29-ը Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնության հասնելու վերջնաժամկետն է, ինչը թույլ կտա խուսափել լուրջ ճգնաժամից։
Խոսելով Ուկրաինայի շուրջ զարգացումներից՝ Բորելը նշել է, որ ԵՄ-ն Ուկրաինային առնվազն 8 մլրդ եվրոյի զենք է տրամադրել: Նա հավելել է՝ ԵՄ պաշտպանության նախարարները մտադիր են քննարկել Ուկրաինային հետագա աջակցության հարցը:
ԹԵՀՐԱՆՈՒՄ ԳԴՀ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՆՉՎԵԼ Է ԻՐԱՆԻ ԱԳՆ
Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս-Ուդո Մուցելը կանչվել են Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունների պատճառով՝ տեղեկացնում է IRNA գործակալությունը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը նրան է հայտնել Թեհրանի վճռական բողոքը՝ «երկրի ներքաղաքական գործերի հետ կապված Բեռլինի ոչ արդյունավետ մոտեցման վերաբերյալ» և զգուշացրել, որ հետագա զարգացումների պատասխանատվությունը կրում է գերմանական կողմը: Ավելի վաղ Օլաֆ Շոլցը քննադատել էր Իրանի ղեկավարությանը՝ իրանցի ցուցարարներին ճնշելու համար: