ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին:
Անահիտ Մանասյանը գործընկերոջ հետ զրույցում կարևորել է Դատախազության և IRZ-ի միջև իրավական համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի կենսագործումն ու ներկայացրել դատախազական համակարգում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումները:
Գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է դատախազների շարունակական կրթության, բարեվարքության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, ինչպես նաև իրավապահ կառույցի հետագա զարգացման ռազմավարության մշակման կարևորությունը: Անահիտ Մանասյանը կարևորել է հատկապես Դատախազության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը միտված ծրագրերի իրականացումը:
Նելլի Թումասյանը մի շարք ուղղություններով Գլխավոր դատախազության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև IRZ-ի աջակցությամբ իրավական ակտերի նախագծերի մշակման հնարավորություններին, ինչպես նաև իրավական ոլորտում հետագա համագործակցության զարգացման այլ հեռանկարներին: