Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հստակ պայմաններ չկան:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այս պահին Մոսկվայի հետ չի քննարկում Ուկրաինայի շուրջ բանակցությունների կազմակերպումը։
«Մենք ուկրաինացիների թիկունքում բանակցություններ չենք վարում։ Վոլոդիմիր Զելենսկին ինքը պետք է որոշի՝ համաձայնե՞լ արդյոք բանակցություններին և երբ։ Քանի դեռ նա դա չի արել, մենք կաշխատենք, որպեսզի ուկրաինացիներն ունենան զենք և ռազմական միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրենց տարածքը պաշտպանելու համար»,- ասել է Քիրբին:
Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարությունն այս պահին հող է նախապատրաստում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների համար, սակայն Վաշինգտոնում տարաձայնություններ կան նման քայլերի անհրաժեշտության վերաբերյալ: