Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:
Երկու երկրի ղեկավարները քննարկել են Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը, հացահատիկի գործարքը և ՆԱՏՕ-ում աշխատանքների համակարգումը։
Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալով՝ Բայդենը և Էրդողանը կարծիք են հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին հացահատիկի գործարքը հնարավորություն է ընձեռում ապահովել աշխարհում պարենային անվտանգությունը: Նախագահներն ընդգծել են նախաձեռնությունը շարունակելու կարևորությունը։
Բայդենը նաև վստահեցրել է Էրդողանին, որ կաջակցի Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցում։ Հաղորդագրության համաձայն՝ ղեկավարներն անդրադարձել են նաև առևտրային և անվտանգային մի շարք հարցերի: