Երկու նոր անուն՝ Հայաստանի Հանրային ռադիոյի «Նվիրյալների արահետում»: Կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթունցի և երգահան, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անվանական հուշաքարերն անցորդներին կհիշեցնեն արվեստի երկու նվիրյալների անգնահատելի ծառայության մասին:
Արա Շիրինյան (Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ) - Տեղադրելով պատվո քարերը՝ մենք հնարավորություն ունենք մեծարելու մեր արվեստագետներին, և կարծում եմ՝ նրանց լուռ ներկայությունն այս տարածքում ոգեշնչման առիթ կլինի այսօրվա սերնդի համար, այն մարդկանց համար, ովքեր աշխատում են ռադիոյում և հեռուստատեսությունում:
Արամ Սաթունցը 25 տարի եղել է Հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը, հեղինակել է սիմֆոնիկ ու կամերային բազմաթիվ ստեղծագործություններ, երաժշտություն է գրել նաև կինոյի ու թատրոնի համար:
Գարեգին Խումարյան (Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն) - Մաեստրո Սաթունցը, եթե կուզեք, մի ամբողջ ռադիոյական մասնագիտության հիմնադիր է, հիմա գրական դրան դիզայն են ասում, և ինձ համար շատ կարևոր է, որ բոլոր մարդիկ, ովքեր զբաղվում են ձայնով, երբեք ու երբեք չմոռանան: Ուզում եմ, որ մարդիկ հիշեն՝ իրենց մասնագիտության հիմնադիրը լրջագույն կոմպոզիտոր է եղել:
Կոմպոզիտորի որդու՝ Արամ Սաթյանի խոսքով՝ երբ Սաթունցը ռադիո՝ աշխատանքի էր գնում, այդ օրը տոն էր բոլորի համար. բնավորությամբ անմիջական մարդ էր:
Արամ Սաթյան (Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, Արամ Սաթունցի որդին) - Ինձ համար օրինակ էր, մաքրության օրինակ՝ վերին աստիճանի, ամեն ինչում՝ հարաբերությունների մեջ: Ինքը չէր հանդուրժում վատը, չէր հանդուրժում սխալ ասացվածքը, և բնական է՝ շատ բաներից ես օրինակ եմ վերցրել:
Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը մոտ 40 տարի աշխատել է հեռուստատեսությունում: Բացի շատերին հայտնի «Այո», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխություններից՝ մի շարք հեռուստահաղորդումներ է ստեղծել, եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:
Մանե Գրիգորյան (Երգի պետական թատրոնի տնօրեն, Արթուր Գրիգորյանի դուստրը) - Գրել է այն երգերը, որոնք հնչել են Հանրային հեռուստաընկերության ամանորյա հաղորդման ժամանակ՝ կեսգիշերին, որոնք տասնյակ տարի անց էլ ամենասիրելի ամանորյա երգերն են: Արթուր Գրիգորյանի երաժշտությունը կապրի այնքան, որքան մենք լսենք, սիրահարվենք, ուրախանանք, տխրենք նրա մեղեդիների հնչյունների ներքո:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան