G20-ի ամփոփիչ հռչակագրի շուրջ աշխատանքները գրեթե ավարտված են՝ հայտարարել է Բալիում ռուսական պատվիրակության ղեկավար, արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Արևմուտքը փորձել է քաղաքականացնել հռչակագիրը և փաստաթղթում այնպիսի ձևակերպումներ ընդգրկել, որոնք կնշանակեին, թե Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտում է ամբողջ Քսանյակը։ «Մենք ավելացրել ենք, որ եղել են նաև այլընտրանքային կարծիքներ», - ընդգծել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հերթական անգամ հայտարարել է, որ Կիևին զենք մատակարարելով և ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելով՝ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն փաստացի ուկրաինական հակամարտության կողմ են դարձել: Նա նաև հերքել է լուրերը, թե Վաշինգտոնը հող է նախապատրաստում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։
Լավրովը տեղեկացրել է, որ Ուկրաինայի շուրջ զարգացումները եղել են նաև Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ նրա կարճ հանդիպումների օրակարգում:
«Ես հիշեցրել եմ, որ Կիևն է հրաժարվում բանակցություններից և ոչ համարժեք պայմաններ է առաջադրում», - նշել է դիվանագետը, հավելել՝ Մակրոնը հաստատակամ է շարունակելու երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ:
Անդրադառնալով հացահատիկի գործարքին՝ Լավրովը զգուշացրել է՝ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ, կան խոչընդոտներ։ Ռուսական կողմը նշում է նաև, որ նոյեմբերի 19-ից հետո հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում իր որոշման մասին կհայտարարի, երբ դա նպատակահարմար լինի։