Օրեր առաջ ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում`Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, համայնքին պատկանող հողատարածքի վրա տարիներ առաջ ինքնակամ տեղադրված կրպակները:
Եթե կրպակներից երեքը տեղադրվել էին Խանջյան փողոցի մայթին, մեկը հենց արձանի հարթակի վրա էր:
Հովիկ Սաֆարյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ) - Ինչն ավելի էր զարմացնում` մարդկանց վերաբերմունքը մեր ազգային հերոսների նկատմամբ. հիմա կրպակն ապամոնտաժվել է, իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, ու կանաչապատում կլինի:
Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ ապամոնտաժվում են ինչպես նոր կառուցվող ապօրինի կրպակները, այնպես էլ տասնյակ տարիներ առաջ զավթված հողատարածքներում կառուցվածները:
Հովիկ Սաֆարյան - 90-ականներից սկսած` բացթողումների պատճառով հայտնվել են բազմաթիվ նման շինություններ, 1 օրում չեն հայտնվել, և այնպիսի տեղերում են տեղադրված կրպակները, որ անցորդները ստիպված են լինում մտնել երթևեկելի գոտի, իրենց կյանքն ու առողջությունը վտանգել փողոցն անցնելու ժամանակ, էլ չեմ ասում սանիտարական վիճակի մասին:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ տվյալ պահին իրենց ուշադրության կենտրոնում է օղակաձև զբոսայգին ամբողջությամբ: Ապամոնտաժված 4 կրպակից բացի` 4 տասնյակն էլ առաջիկայում են ապամոնտաժվելու` ասում է Սամվել Ղուկասյանը:
Սամվել Ղուկասյան (Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար) - Մենք հիմա փորձում ենք աշխատանքներ իրականացնել, կանաչապատ գոտիները ազատել ապօրինի շինություններից, ու մեր առաջնային նպատակն է, որ կանաչապատ տարածքները վերադարձվեն երևանցիներին:
Սամվել Ղուկասյանը հստակեցնում է՝ ապօրինի շինությունը քանդելուց առաջ քաղաքապետարանը նախապես տնտեսվարողներին զգուշացնում է, առաջարկում ինքնուրույն ապամոնտաժել: Որոշմանը չենթարկվելու դեպքում միայն համայնքն իր միջոցներով է քանդում, անհրաժեշտության դեպքում դիմում դատարան՝ ծախսը փոխհատուցելու պահանջով: Վերջին երեք ամսում, ըստ Ղուկասյանի, միայն կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է 3 տասնյակից ավելի շինություն:
Սամվել Ղուկասյան - Առաջինը եղել է Երիտասարդականի հետևի հատվածում, այն ապօրինի շինություն էր, աշխատում էր որպես սրճարան: Երբ մենք ապամոնտաժեցինք, այն սեփականության վկայական ուներ 99 ք. մ, բայց իրականում տարածքը մոտ 300 ք.մ էր, այսինքն` հողազավթումով կից շինություն էին սարքել: Մաշտոցի փողոցի վրա էլ ապամոնտաժում ունեցանք, որը 10 տարի կար, ու իրականում ոչ մի իրավանաբական հիմք չուներ, մեկը եկել, սարքել էր, ու մնացել էր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետի խոսքով՝ ուսումնասիությունները երբեմն պարզում են, որ քաղաքացիները ժամանակին սեփականության վկայականներ են ստացել կամ ճիշտ կլինի ասել՝ փողով գնել ամենաանհավանական տարածքների համար:
Հովիկ Սաֆարյան - Երեք տարի պայքարում ենք մի տաղավար հանելու համար, ցավոք, դատական պրոցեսներ կան, որոնց ընթացքում դատարանը արգելանք է դրել` մինչև կլուծվի հարցը: Խոսքը պատմության թանգարանի մասին է, ազգային պատկերասրահի, երբ մուտքի կամարների տակ հայտնվել է մի անճոռնի տաղավար, որտեղ հակասանիտարական պայմաններում առևտուր է իրականացվում, բայց դատարանը միջանկյալ դատական միջոց է կիրառել, այսինքն` արգելել է քանդել կրպակը, մինչև որոշում կայացնի:
Ոլորտի պատասխանատուներն ասում են՝ արդարացի է բնակիչների բողոքը, որ քաղաքում զբոսնելու հատվածները քիչ են, եղածներում էլ լքված շինություններ են: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը վստահեցնում է՝ գործընթացը լինելու է շարունակական, և հանրային տարածքների տարբեր հատվածներում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցներն ու կրպակները փուլ առ փուլ վերածվելու են կանաչ գոտիների: