Հայաստանի Հանրապետությունը 2007 թ. ստորագրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը, սակայն 2010 թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է միայն կոնվենցիան:
Կամընտիր արձանագրությունը կոնվենցիայի մշտադիտարկման մեխանիզմներից է, լուծում է կոնվենցիայով բավարար չկարգավորվող հարցեր: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
«Մշտադիտարկումն ապահովում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն, որի անդամներն անկախ փորձագետներ են: Կոմիտեն է քննարկում մասնակից պետությունների կողմից պարբերաբար ներկայացվող զեկույցները և դրանց հիման վրա աշխատում պետությունների հետ»,- ընդգծել է զեկուցողը:
Փոխնախարարի խոսքով՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը թույլ կտա ամրապնդել Հայաստանի և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի հետ փոխգործակցությունը` բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային հեղինակությունը:
Հարցը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ քննարկվել է աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 14-ի արտահերթ նիստում և ստացել դրական եզրակացություն: