Օրերս տեղի է ունեցել ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 17-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Ներկա են եղել նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։
Զորամասը կազմավորվել է 2005 թվականի հոկտեմբերի 25-ին: Զորամասի ծառայողների հիմնական խնդիրը հասարակական կարգի, ինչպես նաև հատուկ ու կարևորագույն օբյեկտների պահպանումն է։ Զորամասի ծառայողները մասնակցել են նաև 44-օրյա պատերազմին։
Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ ՀՀ ոստիկանության պետի կողմից արժանացան պարգևների։
ՀՀ ոստիկանության նվագախմբի հիմնադիր Բաղդասար Գրիգորյանի թոռը՝ Արա Գրիգորյանը, հատուկ նշանակության զորամասին նվիրել է Բաղդասար Գրիգորյանի հեղինակած քայլերգը, որի հնչյունների ներքո էլ զորամասի անձնակազմը դուրս է եկել հանդիսավոր երթի։
Հատուկ նշանակության զորամասի ծառայողները ներկայացրել են մարտավարական հնարքներով ցուցադրական ելույթներ։
Հանդիսավոր միջոցառումից հետո հյուրերը շրջել են զորամասում, ծաղիկներ խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։