ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 6-Ի
Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, տուժածներինը՝ 81-ի: Պայթյունը տեղի է ունեցել երեկ Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից Իսթիքլալ փողոցում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցածը ահաբեկչության հետևանք է: Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ փաստերը վկայում են, որ ահաբեկչության կազմակերպվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքում:
Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են 40 րոպե նստարանին նստած մի կնոջ, որը պայթյունից 1-2 րոպե առաջ հեռանում է՝ տեղում թողնելով տոպրակ։ Ըստ իրավապահների՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել կամ հեռավար, կամ հատուկ մեխանիզմի միջոցով: Սուլեյման Սոյլունը մանրամասնել է, որ ոստիկանությունը կալանավորվել է ավելի քան 20 կասկածյալի, այդ թվում՝ դեպքի վայրը լքած կնոջը: Պայթյունի մեղավորներին ու դրա հետևում կանգնածներին լուրջ պատասխան է սպասում՝ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը:
Ավելի վաղ Էրդողանը նույնպես հայտարարել էր, որ պայթյունի մեղավորներն արժանի պատիժ կստանան։
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո Անկարան ցավակցություններ է ստացել աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահներից, ԱՄՆ-ից, Պակիստանից, Իտալիայից, Հունաստանից, Եվրոպական խորհրդի նախագահից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից։
ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՒՄ
Դեմոկրատները պահպանել են վերահսկողությունը Միացյալ Նահանգների Սենատում: Նևադա նահանգում միջանկյալ ընտրություններում սենատոր Քեթրին Կորտես Մաստոյի հաղթանակից հետո նրանք ունեն 50 տեղ, իսկ հանրապետականները՝ 49։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ արդյունքներն իրեն լավատեսություն են ներշնչում պաշտոնավարման մնացած ժամանակահատվածի համար: Ջո Բայդենը նշել է, որ անհամբեր սպասում է հաջորդ մի քանի տարվա ընթացքում դեմոկրատների նոր ձեռքբերումներին: Սպիտակ տան առաջնորդի ավագ խորհրդականն էլ երեկ լրատվամիջոցների եհտ զրույցում նշել է, որ Սենատի վերահսկողությունը վճռորոշ է նախագահի օրակարգն առաջ մղելու համար։ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն էլ կարծիք է հայտնել, որ ընտրությունները մեծ հաղթանակ են ամերիկացի ժողովրդի համար:
Փորձագետները կարծում են, որ հանրապետականները դեռ կարող են վերահսկել Ներկայացուցիչների պալատը: Այնուամենայնիվ, շատերի կարծիքով՝ Սենատի վերահսկողությունը դեմոկրատներին հնարավորություն է տալիս կասեցնել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն:
Միակ նահանգը, որտեղ ընտրության արդյունքները դեռ հայտնի չեն, Ջորջիան է։ Այնտեղ դեկտեմբերի 6-ին կկայանա երկրորդ փուլ։ Այդ ընտրությունները, սակայն, որոշիչ չեն կարող լինել: Եթե անգամ Ջորջիայում հաղթի հանրապետական թեկնածուն, և Սենատում կուսակցություններից յուրաքանչյուրն ունենա 50-ական տեղ, քննարկումների ժամանակ որոշիչ ձայնը, ըստ ԱՄՆ Սահմանադրության, կլինի ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսինը:
G20-Ի ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-16-Ը ԿՀԱՆԴԻՊԵՆ ԲԱԼԻՈՒՄ
G20-ի առաջնորդները կհանդիպեն Ինդոնեզիայի Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը։ Այս տարի գագաթնաժողովի օրակարգի մեծ մասը նվիրված է լինելու Ուկրաինայում տիրող իրավիճակին: Դեռ գարնանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել էր բացառել Ռուսաստանը G20-ից, սակայն ինդոնեզական կողմը հրավիրել էր Վլադիմիր Պուտինին: Միջոցառման հրավեր է ստացել նաև Վոլոդիմիր Զելենսկին, թեև Ուկրաինան G20-ի անդամ չէ։ Զելենսկին վերջնագիր էր առաջ քաշել՝ Պուտինի հետ միասին գագաթնաժողովին չի մասնակցի. Ջակարտան, այնուամենայնիվ, հետ չէր կանչել Կրեմլ ուղարկած հրավերը։ Քննարկումների արդյունքում՝ գագաթնաժողովին Ռուսաստանը կներկայացնի երկրի արտգործնախարարը, Ուկրաինայի նախագահը գագաթնաժողովին կներկայանա տեսաուղերձի ձևաչափով, որը կհեռարձակվի վաղը:
Գագաթնաժողովի մեկնարկից առաջ ԱՄՆ նախագահը հանդիպել է Ինդոնեզիայի նախագահի հետ՝ քննարկելու G20-ի գագաթնաժողովն ու ԱՄՆ-Ինդոնեզիա ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները։ Այսօր նախատեսվում է նաև Բայդենի հանդիպումը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Դա կլինի քաղաքական գործիչների առաջին հանդիպումը որպես պետությունների ղեկավարներ:
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Այսօր Բրյուսելում կհանդիպեն ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները, որոնք կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը: ԵՄ ԱԳ նախարարները չեն նախատեսում նոր պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ այսօր նախատեսված հանդիպման ժամանակ՝ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նիստի ընթացքում հերթական պատժամիջոցները կընդունվեն որոշ անձանց և կազմակերպությունների դեմ՝ Իրանում բողոքի ակցիաների ֆոնին: