ՀՈՒՆԱՍՏԱՆ
ԼԻԱԼՈՒՍԻՆԸ ՓԱՅԼՈՒՄ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԻՆ ՊԱՐԹԵՆՈՆԻ ՏԱՃԱՐԻ ՎՐԱ
Աթենքի ամենահին և ամենահայտնի տեսարժան վայրում` Ակրոպոլիսում, լիալուսինն ավելի շքեղ ու խորհրդավոր է: Այն լուսավորել է Ք.ա. 5-րդ դարի Պարթենոնի մարմարե տաճարը:
Ըստ օդերևութաբանական երևույթներին վերաբերող Old Farmer’s Almanac-ի` «Հին ագարակատերերի ալմանախ» գրքի, այս ամսվա լուսինը կոչվում է «կուղբ», քանի որ կուղբերը տարվա այս եղանակին ձմռանը պատրաստվելու համար սնունդ են հավաքում:
«Կուղբ լուսինն» ուղեկցվում է լուսնի ամբողջական խավարումով, որը նրան տալիս է կարմրավուն երանգ: Ահա թե ինչու այն հայտնի է նաև «արյունոտ լուսին» անվամբ:
ԱՄՆ
ՌՈՔՆՌՈԼԻ ԱՃՈՒՐԴ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ «ՋՈՒԼԻԵՆՈՒՄ»
Նյու Յորքի «Ջուլիեն» աճուրդի տանը կանցկացվի Icons & Idols: Rock ‘N’ Roll կոչվող ամենամյա աճուրդը: Ակնկալվում է, որ Քուրտ Քոբեյնի ջարդված կիթառն ամենաթանկը կվաճառվի:
Կան մարդիկ, որ որոշ տեղերում ինքնասոսնձվող ժապավենով ամրացված երաժշտական այս գործիքը համարում են ռոքնռոլի պատմության մի մասը:
Մարտին Նոլան («Ջուլիեն» աճուրդի տան գործադիր տնօրեն) - Այս կիթառն իրականում ջարդուփշուր է արվել 1989 թվականին ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Ուիլյամսպորտ քաղաքում: Դա նույնիսկ գրված է կիթառի վրա: Այն գնահատված է 200-400 հազար դոլար:
Ընդհանուր առմամբ, աճուրդի կհանվի 1500 լոտ: Ներկայացված են Բիոնսեի, Փրինսի, և Քերի Անդերվուդի իրերից: Ջոն Լենոնի կրած լեգենդար ակնոցը գնահատված է ավելի քան 80 հազար դոլար:
Նոլանի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակից հետո իրականում աճել է այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են խորհրդանշական այսպիսի առարկաներ ձեռք բերել:
ՇՎԵՅՑԱՐԻԱ
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԴԱՄԱՆԴԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 28.8 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Տանձաձև ու վարդագույն ամենախոշոր շքեղ ադամանդը, որ երբևէ հանվել է աճուրդի, վաճառվել է 28.8 միլիոն դոլարով: Աճուրդը կազմակերպել է Ժնևի «Քրիստի» աճուրդի տունը:
18.18 կարատանոց The Fortune Pink կոչվող ադամանդը վաճառվել է ասիացի հավաքորդի: Այն գնահատվել էր 25-35 միլիոն դոլար:
Իսկ 2018 թվականին Pink Legacy կոչվող 18.96 կարատանոց ադամանդը վաճառվել էր 50 միլիոն դոլարով, դարձյալ Ժնևի «Քրիստիի» աշնանային աճուրդում: Դա աճուրդում վաճառված վարդագույն ադամանդի մեկ կարատի գնի համաշխարհային ռեկորդ էր սահմանել:
ԹԱԻԼԱՆԴ
ԼՈՒՅՍԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԹԱԻԼԱՆԴՈՒՄ
Հազարավոր մարդիկ՝ հիմնականում զբոսաշրջիկներ, հավաքվել են Թաիլանդի հյուսիսային Չիանգ Մայ նահանգում` հազարավոր լապտերներ երկինք բաց թողնելու նպատակով: Նրանք այսպես նշում են Yee Peng կոչվող ամենամյա փառատոնը, որը հայտնի է նաև որպես Լույսերի փառատոն:
Ըստ միջոցառման կազմակերպչի, այս տարի փառատոնին միացել է մոտ 8000 այցելու ամբողջ աշխարհից: Իհարկե, սա մասնակիցների առավելագույն թիվ չէ, նախկինում ավելի մեծաթիվ մարդկանցով են նշել փառատոնը:
Մարսելո Բիրոլի (զբոսաշրջիկ` Բրազիլիայից) - Ինձ համար մեծ երազանք էր այս լապտերները երկնքում տեսնելը: Այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք: Կարծում եմ՝ սա մշակութային մեծ փառատոն է, և այն մեզ անչափ դուր է գալիս:
Հավաքվածները շունչները պահած հետևում են, թե ինչպես են վառվող լապտերները լողում գիշերային երկնքում, հրավառության ֆոնին: Տեսարանն իրոք տպավորիչ է:
Yee Peng-ը հնագույն ավանդույթ է, որի արմատները հասնում են Լաննա թագավորություն, երբ նշում էին մուսոնների սեզոնի ավարտը և զով սեզոնի սկիզբը:
Լույսերի փառատոնի այս տարվա այցելուները նաև վայելել են լուսնի ամբողջական խավարման տեսարանը:
ԱՄՆ
ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԻ ՏԻՐԱՆՈԶԱՎՐ ՌԵՔՍԻ ԳԱՆԳԸ
Նյու Յորքի «Սոթբի» աճուրդի տունը դեկտեմբերի 9-ին աճուրդի կհանի Տիրանոզավր Ռեքսի գանգը:
Կասանդրա Հաթոն («Սոթբի» աճուրդի տան աշխատակից) - Սա երբևէ հայտնաբերված ամենաամբողջական գանգերից մեկն է: Սա թանգարանային հավաքածուից է, որը ներառում է 10-12 նմուշ, լավագույններից մեկն է: Այն 68-70 տոկոսով ամբողջական է, ինչը բավականին մեծ ցուցանիշ է:
Ըստ Հաթոնի, ծնոտի վրա փոքր հետքերը ցույց են տալիս, որ դինոզավրը մահացել է մակաբույծի պատճառով։
Կասանդրա Հաթոն («Սոթբի» աճուրդի տան աշխատակից) - Զարմանալի է մտածել, որ նման հսկայական գազանը, մի սարսափելի կենդանի, որը կարող էր բռնել իր զոհին, ճխլել և ամբողջությամբ կուլ տալ, կարող էր մահանալ մի անտեսանելի բանի պատճառով:
Տիրանոզավր Ռեքսի այս գանգը հայտնաբերվել է ամերիկյան Հարավային Դակոտա նահանգի Հարդինգի շրջանում: Տիրանոզավրի այս տեսակը բնակվել է Հյուսիսային Ամերիկայի տարածքում 66-68 միլիոն տարի առաջ: Մասնագետները գանգը գնահատել են 15-20 միլիոն դոլար:
ԻՐԱՔ
ԻՐԱՔՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՆԱՎԱԿՆԵՐ` ՄԱՆՐԱԿԵՐՏՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ
Իրաքցի Ասադ Սալման Դաուդի համար մանկությունից ի վեր, մանրակերտ մոդելներ պատրաստելու հանդեպ սերը վերածվել է մասնագիտության: Նա այժմ փայտե նավակների մոդելներ է պատրաստում Իրաքի հարավային Բասրա քաղաքում գտնվող իր արհեստանոցում:
Ասադ Սալման Դաուդ (արհեստավոր) - Այն փայտը, որի հետ ես այս պահին աշխատում եմ, բիրմայական տեքի է: Դա փայտի լավագույն տեսակն է: Դա նույն փայտն է, որը նախկինում օգտագործում էին նավաշինության մեջ:
Դաուդն ասում է, որ փայտը ստանում է հին փայտե դռներից և պատուհաններից, բայց երբեմն նաև նոր փայտ է գնում: Որպեսզի պատրաստի այնպիսի նավակների մակետներ, որոնք նախկինում նավարկում էին Իրաքի հարավային ափով, Դաուդը դասեր է առնում իրական նավեր պատրաստողներից, երբեմն այդ բնագավառում առցանց դասերի է մասնակցում:
Ասում է, որ Պարսից ծոցի երկրներում իր հաճախորդների թիվն ավելացել է, հատկապես Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ:
Դաուդի պատրաստած մոդելների չափսերը տատանվում են 20-300 սանտիմետրի սահմանում: Դրանք 10-2000 դոլար արժեն:
ԹԱԻԼԱՆԴ
ԹԱԻԼԱՆԴԻ «ԼՈՂԱՑՈՂ ԳՆԱՑՔԸ» ՀԻԹ Է ԴԱՐՁԵԼ
Հարյուրավոր ուղևորներ են նստել Թաիլանդի կենտրոնական հատվածում գտնվող երկրի ամենամեծ ջրամբարի վրայով անցնող, այսպես կոչված, «լողացող գնացքը»:
Բանն այն է, որ ջրի մակարդակի հետմուսոնային բարձրացման պատճառով գնացքով անցնելիս ուղևորները ջրի վրայով ճանապարհորդելու պատրանք են ունենում: Ահա թե ինչու, այս օրերին այդ գնացքի տոմսերը շատ արագ են սպառվում:
Բունյանուչ Պահույուտ (ուղևոր) - Անցած տարվանից ուզում էի լողացող գնացք նստել, բայց տոմսերը սպառված էին։ Այս տարի շտապեցի տոմս ձեռք բերել հենց այն օրվանից, երբ Թաիլանդի պետական երկաթուղին տոմսեր վաճառելու մասին հայտարարություն տարածեց։ Տեսարանը զարմանալի էր, այնքան տպավորված եմ: Հպարտ եմ, որ կյանքումս մեկ անգամ տեսել եմ իրական լողացող գնացքը: Այնքան շատ լուսանկարներ եմ արել, հեռախոսումս այլևս տեղ չկա:
Երթուղին սկսվում է մայրաքաղաք Բանկոկից և անցնում Լոպ Բուրի նահանգի Պասակ Ջոլասիդ ամբարտակով: Ուղևորությունը տևում է վեց ժամ: Գնացքը կարճատև կանգ է առնում ջրամբարի մեջտեղում, որպեսզի ուղևորներն իջնեն և լուսանկարվեն:
Հատուկ երթուղին, որը մեկնում է Բանգկոկից դեպի Պասակ Ջոլասիդ ամբարտակը, հասանելի է զբոսաշրջիկների համար միայն հանգստյան օրերին՝ նոյեմբերից փետրվար: Բոլոր տոմսերը մինչև Ամանոր սպառված են։
ՃԱՊՈՆԻԱ
ՌՈԲՈՏ-ՇՆԵՐԻ ՏԵՐԵՐՆ ԱՂՈԹՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ճապոնացի ռոբոտ-ընտանի կենդանիների սիրահարները հավաքվել են Տոկիոյում՝ ավանդական, սակայն մի փոքր անսովոր արարողության մասնակցելու նպատակով:
Ճապոնիայում մի արարողություն գոյություն ունի, որը կոչվում է «Յոթ-հինգ-երեք»: Դա սովորաբար նվիրված է լինում ծնողներին, որոնք նշում են իրենց երեխաների մեծանալը և մաղթում նրանց առողջություն և հաջողություն ապագայում: Այդ օրն ընտանիքի անդամները հիմնականում ազգային հանդերձանք՝ կիմոնո են կրում և գնում իրենց սրբավայրեր՝ արարողությանը մասնակցելու:
Սակայն պարզվում է, որ ճապոնական ընտանիքները փոխվում են. երեխաների թիվը գնալով նվազում է, Ճապոնիան ծերացող երկիր է համարվում, այդ իսկ պատճառով Տոկիոյի սրբավայրերից մեկում տոնակատարություն է կազմակերպվում անսովոր տեսակի ընտանի կենդանու՝ Sony Aibo ռոբոտ-շան համար:
Կիմոնո են հագցրել նույնիսկ ռոբոտ շներին, որոնց տերերը բերել են ավանդաբար ծնողներին և երեխաներին նվիրված արարողությանը մասնակցելու:
Այս ճապոնացիների համար իրենց ռոբոտ չորքոտանի բարեկամներն ընտանիքի մի մասն են, լիիրավ անդամը:
Ռոբոտ-շուն պահելով՝ ճապոնացիները նաև մեկ այլ խնդիր են լուծում: Բանն այն է, որ Ճապոնիայում տների սեփականատերերը խիստ սահմանափակումներ են դնում կենդանիների սեփականության վրա: Այլ կերպ ասած, իրենց տունը վարձով չեն տալիս այն մարդկանց, որոնք շուն ունեն: Իսկ ռոբոտ-շուն ունեցողներին դեմ չեն վարձով տալ իրենց բնակարանները:
Բացի դրանից՝ ռոբոտ-շուն ունենալը շատ ավելի նպատակահարմար է աշխատող մարդկանց համար, որոնք ստիպված չեն լինի իրենց սիրելի իրական կենդանուն տանը մենակ թողնել: Ռոբոտ տարբերակին կարող են նաև աշխատավայր տանել, որտեղ նրանց ներկայությանը գործատուները ևս դեմ չեն լինի: