ԹԵՀՐԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ նշելով, որ Թեհրանն աներկբա ողջունում է դիվանագիտական երկխոսությունները, ինչը Իրանի առաջնահերթություններից է։ Քանանին, ի պատասխան Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև այդ երկրի որոշ լրատվամիջոցների՝ Իրանի դեմ վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին, նշել է, որ Իրանի քաղաքականությունը հիմնված է հարևանների հետ բարիդրացիության ու համագործակցության ընդլայնման վրա, և Ադրբեջանն այս հարցում բացառություն չէ։
«Բայց ոչ ոք իրավունք չունի սխալ ընկալելու Իրանի այս քաղաքականությունը։ Մեր վարքագիծն այսպիսի «աննշան քամիներից» զգացմունքային չի դառնում, ուստի Իրանի լռությունն ու համբերությունը ոչ ոք չպետք է մեկնաբանի որպես թուլություն»,- հայտարարել է Քանանին՝ հավելելով. «Հարևանների հետ մեր քաղաքականությունը հիմնված է հարևանության ամրապնդման վրա, ուստի լրատվամիջոցների թիկունքին դիրքորոշումներ ու բողոքներ հայտնելն անօգուտ է»։
ՌԴ-ՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԶՈՐԱԿՈՉՎԵԼ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնք ունեն նաև օտարերկրյա քաղաքացիություն կամ արտերկրում կեցության թույլտվություն, կարող են զորակոչվել Ռուսաստանի զինված ուժեր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զինծառայության կարգի կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին հրամանագիր է ստորագրել: Նախկինում Ռուսաստանի ԶՈՒ-ում կարող էին ծառայել միայն ՌԴ քաղաքացիները:
ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-16-Ը ԲԱԼԻՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ G20-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Ինդոնեզիայում նոյեմբերի 15-16-ը տեղի կունենա Մեծ քսանյակի գագաթնաժողովը: Բալի կղզի են ժամանել Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինփինը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պեսկովը պարզաբանել է՝ ինչու Վլադիմիր Պուտինը չի մեկնել G20-ի գագաթնաժողովին: Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը նման որոշում է կայացրել, քանի որ հանգամանքները ստիպում են մնալ երկրում:
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի օրակարգում համաշխարհային առողջապահությանը, էներգետիկային և թվային տեխնոլոգիաներին առնչվող թեմաներն են, մասնագետները, սակայն, կանխատեսում են, որ քննարկումների առանցքում է լինելու Ուկրաինայում տիրող իրավիճակը:
ԲԱԼԻՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՄՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում արդեն մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել: Ժամեր առաջ հանդիպել են ԱՄՆ և Չինաստանի նախագահները: Սա քաղաքական գործիչների առաջին հանդիպումն է՝ որպես պետությունների ղեկավարներ: Ջո Բայդենն հայտարարել է, որ Չինաստանի նախագահի հետ միասին պարտավոր են ցույց տալ աշխարհին, որ Վաշինգտոնը և Պեկինը կարող են հաղթահարել տարաձայնությունները և գտնել համատեղ գործակցելու ուղիներ: Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն և Չինաստանը առանցքային դեր կարող են խաղալ գլոբալ խնդիրների լուծման հարցում՝ կլիմայական փոփոխությունից մինչև պարենային անվտանգության հարցերում: Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Չինաստանի հետ նշված հարցերի շուրջ։ Սպիտակ տան առաջնորդը բաց ու ազնիվ երկխոսության հույս է հայտնել։ Սի Ծինփինը Բայդենին ասել է, որ պատրաստ է ազնիվ բանակցություններ վարել երկկողմ ռազմավարական հարցերի շուրջ, քննարկել տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներ։ Նա նշել է, որ անհրաժեշտ է աշխատել բոլոր երկրների հետ՝ խաղաղության և համաշխարհային կայունության վստահություն բերելու համար:
ՀՐԱՏԱՊ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՊԵՏՔ՝ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍՈՎԸ. ԳՈՒՏԵՐԵՇ
Ռուսաստանի հետ հացահատիկի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը մեծ կարևորություն ունի պարենի համաշխարհային անվտանգության համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում տված ասուլիսի ընթացքում:
Անտոնիո Գուտերեշը հիշեցրել է, որ գործարքի ժամկետի ավարտին մնացել են հաշված օրեր:
«Հրատապ քայլեր են պետք՝ կանխելու համաշխարհային սովը»,- հայտարարել է Գուտերեշը:
Նրա խոսքով՝ պարարտանյութերի գները երեք անգամ աճել են, և առաջնային խնդիր է մնում համաշխարհային շուկաներ ռուսական պարենի և պարարտանյութերի ազատ մատակարարման արգելքները վերացնելու հարցը: