Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արձանագրել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական դիրքից Ասկերանի շրջանի բնակչի ուղղությամբ կրակոցների փաստը: Գերատեսչության կայքում հրապարակված Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ամենշաբաթյա տեղեկագրում նշվել է.
«Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15:30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել տեղի բնակչի վրա, որը գյուղատնտեսական տեխնիկայով հողային աշխատանքներ էր կատարում Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում»։ Հաղորդագրությունում ասվում է, որ բնակիչը թեթև վիրավորվել է, տեխնիկան՝ աննշան վնասվել։ «Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում»,- նշում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք, Արցախի ոստիկանությունը նախորդ շաբաթ տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել դաշտում տրակտորով աշխատող բնակիչների ուղղությամբ, ջարդվել են տրակտորի դիմային և հետևի հողմապակիները, ինչի հետևանքով էլ քաղաքացիներից մեկը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: