ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:
Աշխատակարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:
4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.
«Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ).
«Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ).
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում.
Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ իրենց մայրենի լեզու և գրականություն առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում:
Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են հաստատության մեթոդմիավորումները՝ ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգումն անցկացվում է հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 15 օրվա ընթացքում:
9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ.
«Հայոց լեզու» առարկայից՝ գրավոր թեստ.
«Գրականություն» առարկայից՝ բանավոր.
«Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր.
«Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր․
«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ).
«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր.
«Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում).
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար սահմանված գիտելիքների ստուգումն անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում.
Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում:
«Գրականություն», «Հայոց պատմություն» և «Օտար լեզու» առարկաների 9-րդ դասարանների ավարտական քննությունների տոմսերը կազմում են հաստատության մեթոդմիավորումները՝ ըստ ԳԹԿ-ի մշակած և տրամադրած հարցաշարերի և տոմսերի նմուշների: «Գրականություն» և «Օտար լեզու» առարկաների ավարտական քննական առաջադրանքների հարցաշարերը և տոմսերի նմուշները կազմվում են 7-9-րդ դասարանների ծրագրային նյութից, «Հայոց պատմություն» առարկայի քննական առաջադրանքները՝ 6-9-րդ դասարանների ծրագրային նյութից:
9-րդ դասարանում ավարտական քննություններն անցկացվում են հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում: 9-րդ դասարանի ավարտական քննություններ հանձնողների հայտերը հաստատության տնօրենը լրացնում և ԳԹԿ-ին է փոխանցում փետրվարի 20-ից մինչև մարտի 15-ը:
12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ.
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ).
«Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ).
«Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ).
«Ֆիզկուլտուրա» առարկայից՝ նորմատիվների հանձնում (ստուգարք) հունիսի 6-րդ աշխատանքային օրվանից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,
«Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ քննաշրջանի ընթացքում.
«Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր՝ (ազգային փոքրամասնությունների դասարանների համար) սովորողի ընտրությամբ, քննաշրջանի ընթացքում:
12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում:
12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկայի(ների) պետական ավարտական քննությունը(ները), որը(որոնք) չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին. հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 15-30-ը` ժամը 12։00-ը, քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:
Հունիսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև ապրիլի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենն ապրիլի 1-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ՝ քննություններ հանձնողների դիմում-հայտերն էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:
Միասնական քննությանը մասնակցող սովորողը պետական ավարտական քննություն(ներ) կարող է հանձնել այն առարկա(ներ)ից, որ(ոնք)ը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։
Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):
9-րդ և 12-րդ դասարանում ավարտական և պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և հաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:
12-րդ դասարանում ստուգող հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: