Ինդոնեզիայում նոյեմբերի 15-16-ը տեղի կունենա «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը: Բալի կղզի են ժամանել Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինփինը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի օրակարգում համաշխարհային առողջապահությանը, էներգետիկային և թվային տեխնոլոգիաներին առնչվող թեմաներն են, մասնագետները, սակայն, կանխատեսում են, որ քննարկումների առանցքում է լինելու Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում արդեն մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել: Ժամեր առաջ հանդիպել են ԱՄՆ և Չինաստանի նախագահները: Սա քաղաքական գործիչների առաջին հանդիպումն է՝ որպես պետությունների ղեկավարներ: Ջո Բայդենն հայտարարել է, որ Չինաստանի նախագահի հետ միասին պարտավոր են ցույց տալ աշխարհին, որ Վաշինգտոնը և Պեկինը կարող են հաղթահարել տարաձայնությունները և գտնել համատեղ գործակցելու ուղիներ:
Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն և Չինաստանը առանցքային դեր կարող են խաղալ գլոբալ խնդիրների լուծման հարցում՝ կլիմայական փոփոխությունից մինչև պարենային անվտանգության հարցեր: Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Չինաստանի հետ նշված հարցերի շուրջ։ Սպիտակ տան առաջնորդը բաց ու ազնիվ երկխոսության հույս է հայտնել։ Սի Ծինփինը Բայդենին ասել է, որ պատրաստ է ազնիվ բանակցություններ վարել երկկողմ ռազմավարական հարցերի շուրջ, քննարկել տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներ։ Նա նշել է, որ անհրաժեշտ է աշխատել բոլոր երկրների հետ՝ խաղաղության և համաշխարհային կայունության վստահություն բերելու համար:
ԶԱԽԱՐՈՎԱՆ ՀԵՐՔԵԼ Է ԼԱՎՐՈՎԻ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԼՈՒՐԵՐԸ
G20-ի գագաթնաժողովում Մոսկվան բարձր մակարդակով ներկայացնում է ՌԴ արտգործնախարարը: Սերգեյ Լավրովի՝ Բալի ժամանելուց հետո լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Ռուսաստանի արտգործնախարարը հոսպիտալացվել է: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել էր ԶԼՄ-ների պնդումները՝ հրապարակելով տեսանյութ, որում ռուս բարձրաստիճան դիվանագետը հյուրանոցի իր համարում է և պատրաստվում է առաջիկա միջոցառմանը։ Լավրովը խորհուրդ է տվել արևմտյան լրատվամիջոցների լրագրողներին «ավելի ազնիվ լինել» իր մասին հրապարակումներում և չտարածել կեղծ լուրեր: Բալիի նահանգապետը ավելի վաղ լրատվական գործակալություններին հայտնել էր, թե Լավրովին տեղափոխել են հիվանդանոց հետազոտությունների, որից անմիջապես հետո դիվանագետը դուրս է գրվել:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽԵՐՍՈՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Խերսոն, որտեղ հանդիպել է ուկրաինացի զինվորականների հետ։ Իր տելեգրամյան ալիքում Ուկրաինայի նախագահը բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով՝ «Խերսոնն Ուկրաինա է»: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Դնեպրի արևելյան ափ առանց կորուստների իր ուժերի դուրսբերման ավարտի մասին։ Զելենսկին էլ նշել էր, որ Խերսոնն Ուկրաինայի վերահսկողության տակ է: Զելենսկու Խերսոն կատարած այցի մասին այսօր լրագրողները հարց են ուղղել Կրեմլի խոսնակին: Դմիտրի Պեսկովը չի մենաբանել այն, բայց հիշեցրել է, որ Խերսոնը Ռուսաստանի տարածքն է։
ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՍԱՆՈՎԻ ՀԵՏ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը և հետագա համագործակցության օրակարգը: Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ Վրաստանը պատրաստ է ապագայում ևս բոլոր հնարավոր ձևերով խթանել երկխոսությունը երկու հարևան երկրների միջև։
Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնությանը», որում Հարավային Կովկասի երկրների հետ ներգրավված են նաև միջազգային գործընկերները։