ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այսօր հանձնաժողովում քննարկված նախագծին, որով առաջարկվում է ներդնել պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրայինի անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
«Երբ զինծառայողն ուսումնական զորամասում իր ծառայությունը կավարտի, 6 ամիս հետո նրան հնարավորություն կընձեռվի իր դիմումի համաձայն անցնել պայմանագրային զինծառայության, այսինքն՝ անցնել ատեստավորում, ստանալ բարձր աշխատավարձ, պայմանով, որ 5 տարի պետք է լինի պայմանագրային զինծառայող: 5 տարին ավարտելուց հետո, եթե չի ցանկանում շարունակել կամ ցանկանում է, աշխատավարձից բացի կստանա 5 միլիոն դրամ պատվովճար: Ծախսը կարող է իրականացնել ազատ:
Ստացվում է, որ մեր պայմանագրային պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը կտրուկ բարձրանալու է:
Կարևոր է, որ պայմանագրային զինծառայողների տարիքային շեմն իջեցվի, այսինքն՝ ունենանք 18-25 տարեկան պայմանագրային զինծառայողներ: Գաղտնիք չէ, որ մարտական գործողություններում ամենամեծ արդյունքը ցույց են տալիս այս տարիքի անձինք»,- ասաց Խաչատրյանը: