ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերահսկողություն են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 162 հասցեում՝ «ԱԼՄԱՎ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող հեղուկ ածխաջրածնային գազերի լցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ:
Վերահսկողության արդյունքում ՏՄ-ն պարզել է, որ նշյալ հեղուկ ածխաջրածնային գազերի լցակայանը՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ, շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և առանց ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության՝ խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի այն պահանջները, որոնց համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտները պետք է գրանցվեն արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում, ինչպես նաև տարեկան առնվազն մեկ անգամ տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնեն։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով՝ տեսչական մարմնի կողմից կայացվել է վերոնշյալ հասցեում շահագործվող հեղուկ ածխաջրածնային գազերի լցակայանի հետագա շահագործման դադարեցման որոշում, և տնտեսվարողի առջև պահանջ է դրվել՝ որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը՝ մինչև համպատասխան փորձաքննության անցկացումը և դրական եզրակացություն ստանալը։
Բացի այդ, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԱԼՄԱՎ» ՍՊ ընկերությունը տեսչական մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ արտադրական վտանգավոր օբյեկտն առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։