Նամականիշներ, բացիկներ, փողեր և հուշադրամներ՝ Հայաստանի ֆիլատելիստներն ու նումիզմատներն իրենց գանձերը հանել են ցուցադրության։ Ներկայացված են բացառիկ նմուշներ՝ ընդհուպ տիեզերքում 1978 թվականին «Սոյուզ-28» տիեզերանավի անձնակազմի մարած ծրարներից, որ ժամանակին հայտնվել է Սովետ Միության ֆիլատելիստ վանաձորցի Մերուժան Գալստյանի հավաքածուում։
Մերուժան Գալստյան (ֆիլատելիստ) - 4 ծրար կա այստեղ, որ մարվել են տիեզերքում՝ սա է, սա է: Ամենահետաքրքրականը սա է, որը տիեզերագնաց Գրեչկոն նվիրել է Ֆիլատելիստների համամիությունեկան միությանը:
Քիչ այն կողմ Կենտրոնական բանկի ստենդներն են՝ թողարկած ամենաթեթև՝ 1 գրամանոց ոսկե նռան հուշադրամից մինչև «Քրիստոնյա Հայաստանի» շարք ու պատմական մեծ արժեք ներկայացնող մետաղադրամներ ու թղթադրամներ։
Դրամ և փոստային նամականիշ արտադրող-ունեցող-հավաքող 25 կառույց ու անհատ՝ համատեղ ցուցադրության են մասնակցում «Ֆիլանում»՝ Ֆիլատելիստների և նումիզմատների միության 100-ամյակի առիթով։ Իզուր են շատերը մտածում, թե ինտերնետի դարում այս ամենը հնացած է․ գերբ-դրոշի հետ միասին դրանք պետության խորհրդանիշներից են, աշխարհին ցույց են տալիս երկրի ժառանգությունից մինչև փիլիսոփայություն ու ապագայի տեսլական ու հաճախ նաև՝ քաղաքական թեմաներ բարձրացնում՝ ասում է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահը։
Հովիկ Մուսայելյան («Ֆիլատելիստների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ) - Օրինակ՝ տեսեք՝ «Հայփոստը» թողարկել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունը ազերիների կողմից որպես մշակութային ոճրագործություն, թողարկել է Կանաչ ժամի ռմբակոծությունը, կարծում եմ, որ մենք պետք է հանրահռչակենք և ի լուր աշխարհի ուղարկենք:
Ըստ Մուսայելյանի՝ այժմ քննարկվում է այդ նամականիշները բարերարների աջակցությամբ անվճար դարձնելն ու սենատորների, կոնգրեսականների ուղարկելու հարցը։ Ֆիլատելիան կարևոր նշանակություն ունի, և պետությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի դրան՝ հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Մենք տեսնում ենք, որ ոլորտն արագ զարգանում է, և հետաքրքրությունը ֆիլատելիայի նկատմամբ մեծանում է, մեզ բոլորիս շնորհավորում եմ հոբելյանի առիթով:
«Ֆիլանումի» 100-ամյակին նվիրված նամականիշ մարվեց։
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Ի՞նչը տպավորեց. ես ֆիլատելիստ չեմ, տեսանք, որ յուրօրինակ են դարձնում մարկաները, նույն սխալներն ավելի մեծ արժեք ունեն:
Պարզվում է, այո՛, սխալով նամականիշները, որ շատ քիչ քանակներով հայտնվել են շրջանառության մեջ, ավելի արժեքավոր են, քան դրանց ճիշտ տարբերակները։ Ի դեպ, աշխարհի ամենաթանկ նամականիշը՝ Անգլիայի թագուհու հավաքածուում է՝ մի քանի միլիոն արժե։ Հայաստանի մասշտաբով ամենաթանկը Առաջին հանրապետության պատվին թողարկումն է՝ ասում է էդուարդ Կուրղինյանը․ եթե կեղծ չէ՝ արժե մինչև 600 դոլար։
էդուարդ Կուրղինյան (Ֆիլատելիստների միության փոխնախագահ) - Ավելի թանկ են նամականիշները հայկական ծրարների վրա, նրանք ավելի հազվադեպ են, կարող են մինչև 1000-2000-ի հասնել:
Ցուցահանդեսը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում է, բաց կլինի 4 օր։