Սադրանքները շարունակվում են ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
«Անընդհատ այդ սադրանքները եղել են, և, կարծում եմ, առաջիկայում էլ լինելու են: Պետք է պատրաստ լինենք այս ամենին»,- ասաց Խաչատրյանը:
Լրագրողներից մեկի հարցին, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո նոր առաջնագիծ կա, և ըստ այդմ ի՞նչ աշխատանքներ են ընթանում այնտեղ, Խաչատրյանը պատասխանեց.
«Ինժեներական աշխատանքները մեր կողմից շարունակվում են, բավականին ակտիվ են իրականացվում: Որոշ հատվածներում արդեն ավարտ է տրվել ինժեներական աշխատանքներին, անհրաժեշտ առաջին ինժեներատեխնիկական լուծումները, որոնք պետք է տրվեին, արդեն ավարտվել են:
Առաջնագծում այս պահին ինժեներատեխնիկական լուծումներ տալը որևէ կերպ պայմանավորված չէ հետագա սահմանների գծման հեռանկարով: Սա պայմանավորված է կոնկրետ այս պահին մեր պաշտպանունակությունը կազմակերպելով և բարձրացնելով»: