Անհետ կորած զինծառայողի հարազատից 5 միլիոն դրամ պահանջելու գործը դատարանում է:
Արսեն Գեղամյան (Հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ քննիչ) - Մեղադրյալը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է, տեղեկանալով, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում գործելու օրը իր համաքաղաքացին այդ պահին դեռևս անհետ պայմաններում բացակայում է, կապ է հաստատել այդ զինծառայողի ընկերոջ հետ և վերջինիս ներկայացրել է կեղծ տեղեկատվություն առ այն, որ ինքը հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակից և ընկերոջից լուր ունի:
Քննիչի խոսքով՝ 26-ամյա տղամարդը արդեն ընկերոջ հետ հանդիպման ընթացքում նշել է, թե ԱԱԾ-ում բարձրաստիճան պաշտոնյա ծանոթ ունի՝ գեներալի կոչումով, որն էլ կարող է օգնել իբրև թե զինծառայողի Հայաստան վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար:
Արսեն Գեղամյան - Այդ պատրվակով պահանջել է 5 միլիոն դրամ գումար իբրև իր այդ ԱԱԾ գեներալի կոչումով ծանոթին հանձնելու և գերիների փոխանակման ցուցակում ընդգրկելու համար:
Մեղադրյալը հանդիպել է նաև զինծառայողի մորեղբորը, վերահաստատել պահանջը: Սակայն մորեղբայրը խաբեության նման բազմաթիվ դեպքերի մասին լսած լինելով՝ դիմել է ԱԱԾ:
Արսեն Գեղամյան - Նախաքննության ընթացքում պարզվել է, որ այդ զինծառայողը, ով ներկայացվել է իբրև գերեվարված, հենց սեպտեմբերի 13-ին ռազմական գործողության ընթացքում զոհվել է, քննությամբ հաստատվել է այն հանգամանքը, որ այդ անձը երբևիցէ չի հանդիսացել ԱԱԾ աշխատակից, վերջինս ևս իր ցուցմունքով ընդունել է այդ հանգամանքը և ի սկզբանե մտածել է այդ պատրվակը, որպեսզի գումար ստանա: Նաև հաստատվել է, որ որևէ ԱԱԾ գեներալի կոչում զինվորական իրականում գոյություն չունի:
26-ամյա տղամարդը մեղադրանքը չի ընդունում, ըստ պաշտպանի՝ նպատակը օգնելն է եղել:
Թամարա Յայլոյան (պաշտպան) - Օգնելու համար էլ որոշակի ֆինանսական հանգամանքներ են պետք, տրանսպորտային ծախսեր են, դրանք այլ հանգամանքների համար ծախսեր են, որոնք, բնականաբար, ավելի մանրամասն դատական նիստի ժամանակ կներկայացվեն: Այսինքն՝ այդ գումարն էնպես չի, որ ինքը ցանկացել է միայն գրպանը դնել:
26-ամյա տղամարդը ձերբակալվել է ԱԱԾ-ի քննչական գործողության ընթացքում նախապես նույնականացված կաշառքը ստանալիս, ապա կալանավորվել: Նա մեղադրվում է կաշառքի դրդելու փորձի և կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան