Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, տուժածներինը՝ 81-ի: Պայթյունը տեղի է ունեցել երեկ Ստամբուլի՝ Թաքսիմ հրապարակին կից Իսթիքլալ փողոցում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցածը ահաբեկչության հետևանք է, և պայթյունի մեղավորներն արժանի պատիժ կստանան։ Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ փաստերը վկայում են, որ ահաբեկչությունը կազմակերպվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքում:
Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են 40 րոպե նստարանին նստած մի կնոջ՝ սև հագուստով և գլխաշորով, որը պայթյունից 1-2 րոպե առաջ հեռանում է՝ տեղում թողնելով տոպրակ։ Ըստ իրավապահների՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել կամ հեռավար, կամ հատուկ մեխանիզմի միջոցով: Սուլեյման Սոյլունը մանրամասնել է, որ ոստիկանությունը կալանավորել է ավելի քան 21 կասկածյալի, այդ թվում՝ դեպքի վայրը լքած կնոջը: Նրանք հարցաքննվել են և բուժզննում անցել: Պայթյունի մեղավորներին ու դրա հետևում կանգնածներին լուրջ պատասխան է սպասում՝ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը:
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո Անկարան ցավակցություններ է ստացել աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահներից, ԱՄՆ-ից, Պակիստանից, Իտալիայից, Հունաստանից, Եվրոպական խորհրդի նախագահից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից։